Կատալոնիայում կրքերը բորբոքվում են. «Ժողովրդավարության ընթացքը ոչ ոք չի կարող կասեցնել»

2CD744A800000578-3250984-image-a-155_1443408335515

Կատալոնական խորհրդարանն անցումային ժամանակաշրջանի մասին օրենք է ընդունել, ինչն անկախության կողմնակիցների կարծիքով, իրավաբանական հիմք կհանդիսանա Իսպանիայի կազմից ինքնավար շրջանի դուրս գալու համար, հաղորդում է BBC-ն:

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, եթե Կատալոնիայի անկախության կողմնակիցները հաղթանակ տանեն հանրաքվեի ժամանակ: Օրենքը կգործի 2 ամիս՝ մինչ խորհրդարանական հանրապետության ձեւավորման գործընթացի մեկնարկը:

Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը (Ժեներալիտետը) հանրաքվեի անցկացման մասին օրենք էր ընդունել:

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնի խոսքերով, հանրաքվեի անցկացման որոշումը միաձայն է ընդունվել:

Միեւնույն ժամանակ Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է բոլոր այդ փաստաթղթերի գործողությունները: Իսպանիայի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են կատալոնյան լրատվամիջոցներին, պետական ծառայողներին եւ իրավապահներին, որ դատական որոշումներին չենթարկվելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության:

Ի պատասխան Սահմանադրական դատարանի որոշման, Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիայում ժողովրդավարության ընթացքը ոչ ոք չի կարող կասեցնել:

Կատալոնիայի իշխանությունները նախատեսել են անկախության հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին:

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝