Բարբուդայի իշխանություններ. փոթորկից հետո կղզին այլեւս պիտանի չէ բնակության համար

21441252_1265557656906172_18338800_o

Կարիբյան ավազանի Բարբուդա կղզու գրեթե բոլոր հաստատություններն ու ենթակառուցվածքներն ավերվել են «Իրմա» փոթորկի ավերածությունների հետեւանքով, հաղորդում է BBC-ն: «Այժմ կղզին պիտանի չէ բնակության համար»,-հայտարարել է Անտիգուա եւ Բարբուդա կղզի-պետության վարչապետ Գաստոն Բրաունը:

«Կղզին, որտեղ բնակվում է 1600 մարդ, ամբողջովին ավերվել է: Այն կարծես ջրի տակ անցած լինի, կան զոհեր, որոնց թիվը կարող է ավելանալ»,-հայտարարել է վարչապետը: Հարեւան կղզին՝ Անտիգուան, որն ունի 80 հզր բնակիչ, խուսափել է լուրջ ավերածություններից: Այնտեղ զոհեր չկան:

Փոթորիկը մոտենում է Պուերտո Ռիկոյին։ Ինչպես ենթադրվում է, տարերային աղետից առավել շատ վնասներ կկրի այդ երկրի հյուսիսային հատվածը:

«Իրման» վերջին տասնամյակներում Ատլանտյան օվկիանոսում մոլեգնած ամենաուժեղ փոթորիկն է, որը մոտ 300 կմ/ժամ արագություն ունի։ Փոթորիկն ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի է։  Այն կարող է ավերածություններ գործել նաեւ Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Կուբայում եւ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում:

Ամերիկյան նահանգի իշխանությունները մոբիլիզացրել են ազգային գվարդիայի զինծառայողներին, ինչպես նաեւ սկսել են զբոսաշրջիկների տարհանումը:

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝