Մերկելը հաղթել է որոշիչ հեռուստաբանավեճերի ժամանակ

24Bittner2-inyt-master768

«Անգելա Մերկելը հաղթել է Մարտին Շուլցին: Գերմանիայի կանցլերը ստացել է ձայների 55 տոկոսը, այն դեպքում, երբ նրա մրցակիցը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ 35 տոկոս»,-հաղորդում է Deutsche Welle-ն:

Հարցումներն անցկացրել է Infratest dimap սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը ARD հեռուստատեսության պատվերով: Հետազոտության տվյալներով՝ կառավարության եւ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավարը հավաքել է ձայների 55 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ 35 տոկոս:

Հարցումների մասնակիցների խոսքերով՝ Մերկելն իր մրցակցից ավելի վստահ տեսք ուներ տարբեր թեմաների քննարկման ժամանակ: Այսպես պատասխանողների 44 տոկոսը նախընտրություն է տվել Գերմանիայի կանցլերին միգրացիոն քաղաքականության եւ փախստականների հարցում ունեցած քաղաքականության համար, այն դեպքում, երբ Շուլցին աջակցել է պատասխանողների 39 տոկոսը:

Բեռլինի արտաքին քաղաքականության օրակարգի հարցում Մերկելի դիրքորոշմանը կողմնակից էր քվեարկողների 61 տոկոսը:  

 Բանավեճի ժամանակ Ռուսաստանի հարցը չեն քննարկել

Բանավեճերի շրջանակում քաղաքական գործիչները հասցրել են քննարկել մի շարք առանցքային թեմաներ, որոնք ավելի շատ են հետաքրքրում գերմանական հասարակությանը: Խոսքը փախստականների եւ միգրացիոն քաղաքականության մասին է, ի դեպ, կանցլերը պաշտպանել է 2015թ.-ին ընդունած իր որոշումը, Շուլցը մեղադրել է Մերկելին այն հարցում, որ նա այդ խնդրի լուծման հարցում բավարար աստիճանի համագործակցություն չի ունեցել եվրոպական երկրների հետ:

Բացի այդ, խոսք է եղել նաեւ Գերմանիայում իսլամի դերի, Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների մասին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Դոնալդ Թրամփի քաղաքականության մասին:

Մոսկվայի հանդեպ վերաբերմունքը, Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան եւ Ուկրաինայի արեւելքի հակամարտությունը չեն քննարկվել:

Միայն մեկ հարցում է դաշնային կանցլերի եւ սոցիալ-դեմոկրատների ղեկավարի դիրքորոշումը միասնական. նրանք խիստ քննադատել են Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին՝ «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդում պաշտոն զբաղեցնելու ցանկության համար:  

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝