Պուտինն՝ իրեն փոխարինողի մասին. «Ես 2000թ.-ից մտածում եմ այդ մասին: Մտածելը վնասակար չէ»

putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ 2000թ.-ից մտածում է իր հնարավոր փոխարինողի մասին:

«Ես 2000թ.-ից մտածում եմ այդ մասին: Մտածելը վնասակար չէ, սակայն վերջնական ընտրությունն անելու է ռուսաստանցի ժողովուրդը: Միեւնույն է՝ համակրում եմ արդյոք ես որեւէ մեկին, թե ոչ, թեկնածուները կմասնակցեն ընտրություններին, եւ վերջնական որոշումը կկայացնեն ՌԴ քաղաքացիները»,- ասել է Պուտինը:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը հեռանա իշխանությունից, «որովհետեւ շատ  փորձագետներ ասում են, որ դա գրեթե անհնարին կլինի», քանի որ Պուտինն ավելի շուտ կհայտնվի բանտում, նախագահն ասել է. «Ձեր, այսպես կոչված, փորձագետները ցանկալին որպես իրականություն են ներկայացնում»:

«Ես արդեն շատ անհեթեթություններ եմ լսել  այդ մասին: Ինչո՞ւ եք դուք մտածում, որ ինձանից հետո Ռուսաստանում պարտադիր կերպով իշխանության են գալու այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են ոչնչացնել այն ամենը, ինչ արվել է իմ կողմից այս տարիների ընթացքում: Կարող է, ընդհակառակը, նրանք լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են ամրապնդել Ռուսաստանը, ավելի լավ ապագա ստեղծել, հետագա սերունդների համար ավելի լավ հարթակ ստեղծել: Ինչո՞ւ եք դուք հանկարծ որոշել, որ գալու են կործանողներ, ովքեր փլուզելու եւ ոչնչացնելու են ամեն ինչ: Հնարավոր է՝ ինչ-որ մեկն ունենա նման ցանկություն, այդ թվում նաեւ ԱՄՆ-ում: Սակայն չեմ կարծում, որ նրանք ճիշտ են, որովհետեւ ԱՄՆ-ն, ինչպես ինձ թվում է, հետաքրքրված է նրանով, որ Ռուսաստանը լինի կայուն, ծաղկող եւ զարգացող երկիր»,- ասել է Կրեմլի ղեկավարը:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ.-ի մարտի 18-ին, նախագահի պաշտոնի համար պայքարում են 8 թեկնածու՝ Սերգեյ Բաբուրինը, Պավել Գրուդինինը, Վլադիմիր Ժիրինովսկին, Քսենյա Սոբչակը, Մաքսիմ Սուրայկինը, Բորիս Տիտովը, Գրիգորի Յավլինսկին եւ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

Աղբյուր՝  gordonua.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝