ԱՄՆ-ն մտադիր է առաջարկել Ռուսաստանին Դոնբասում 20 հազար խաղաղապահներ տեղակայել

23476642_1319165034878767_2110022634_n

ԱՄՆ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ քննարկել Դոնբասում 20 հազար խաղաղապահների տեղակայման հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Վաշինգտոնում եւ ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրներին: Այսպիսով, ԱՄՆ-ն ցանկանում է ստուգել Ռուսաստանի պատրաստակամությունն Ուկրաինայի արեւելքում հակամարտությանը վերջ դնելու հարցում: Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը Մոսկվայի հետ կքննարկի այդ հարցն առաջիկա օրերին:

ԱՄՆ-ի առաջարկությունը կարող է պատասխան լինել տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն տեղակայելու ռուսաստանյան նախաձեռնությանը: Այս մասին հայտնել էր նախագահ Վլադիմիր Պուտինը 2017թ.-ի սեպտեմբերին: Այդ ժամանակ նա նշել էր, որ աջակցում է ՄԱԿ-ի զինված զորախումբն Ուկրաինայում տեղակայելու գաղափարին, սակայն խոսք կարող է լինել միայն ԵԱՀԿ-ի աշխատակիցների անվտանգությունը պահպանելու մասին: Պուտինն առաջարկել էր խաղաղապահներ ուղարկել ոչ միայն Դոնբաս, այլեւ մյուս շրջանները, որտեղ աշխատում է ԵԱՀԿ-ն:

Որոշ արեւմտյան մայրաքաղաքներում, այդ թվում նաեւ Փարիզում եւ Բեռլինում, հույս ունեն, որ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ելք գտնել Ուկրաինայի հակամարտությունից: Սակայն նման կարծիք ունեն ոչ բոլոր եվրոպական երկրներում: Շատերը չեն հավատում Պուտինի՝ հակամարտությունն ավարտելու ցանկությանը: Այդ երկրների պաշտոնյաները թերահավատորեն են վերաբերվում այն հարցին, որ Ռուսաստանը կարող է իրականացնել Մինսկյան համաձայնագրի պայմանները եւ Ուկրաինայից դուրս բերել ամբողջ զորքը եւ զինտեխնիկան:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝