Ռուսաստանցիների 2/3-րդը ցանկանում է Պուտինի վերընտրությունը 2018թ.-ին. հարցում

767155

«Լեւադա կենտրոնի» կողմից իրականացված հարցումների համաձայն ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը ցանկանում է Վլադիմիր Պուտինին կրկին տեսնել նախագահի կարգավիճակում 2018թ.-ի ընտրություններին, թեեւ նա անձամբ դեռ չի հայտնել առաջադրվելու մասին, հաղորդում է BBC-ին: Սոցիոլոգները պարզել են նաեւ, որ ռուսաստանցիների գրեթե կեսը հանդես է գալիս վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրաժարականի պահանջով:

Պուտինի նախագահության նոր ժամկետ ցանկանում է հարցվածների 64 տոկոսը: Նրա փոխարեն ուրիշի տեսնել ցանկանում է միայն 22 տոկոսը, մնացած 14 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Նույն մարդկանց հարցրել են նաեւ, թե ու՞մ օգտին կքվեարկեին, եթե ընտրությունը կիրակի օրը լիներ: Պուտինի օգտին քվեարկել պատրաստ է եղել 48 տոկոսը: Ռուսաստանցիների 10 տոկոսը չգիտի՝ կգնա ընտրության, թե ոչ, 13 տոկոսը համոզված է, որ չի մասնակցելու, 19 տոկոսը կողմնորոշված չէ, թե որ թեկնածուի օգտին է քվեարկելու:

Եթե նկատի ունենանք նրանց, ովքեր պատրաստ են քվեարկել այս ընտրություններին եւ կողմնորոշվել են, թե ում օգտին են քվեարկելու, ապա Պուտինին պատրաստ է աջակցել այդ մարդկանց 83 տոկոսը:

Վլադիմիր Ժիրինովսկու, Գենադի Զյուգանովի, Սերգեյ Շոյգուի եւ Ալեքսեյ Նավալնիի նախագահական վարկանիշը տատանվում է 5 տոկոսի սահմաններում:

Հարցումը տեղի է ունեցել Ռուսաստանի 48 շրջանների 137 բնակավայրերում:

Նույն «Լեւանդա կենտրոնն» անցած շաբաթ գնահատել է նաեւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի վարկանիշը:

Պարզվել է, որ ռուսաստանցիների գրեթե 45 տոկոսը հանդես է գալիս կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջով:

«Լեւանդա կենտրոնի» տվյալներով՝ անցած տարվա մայիսից Մեդվեդեւին վստահող ռուսաստանցիների թիվը 53 տոկոսից իջել է 33 տոկոսի: Դեռ 2016թ.-ի դեկտեմբերին վարչապետի հանդեպ վստահություն ունենալու մասին հայտնել է հարցվածների 48 տոկոսը:

«Լեւանդա կենտրոնում» ենթադրում են, որ վարչապետի վարկանիշի անկումը կապված էր Նավալնիի ֆիլմի հետ, որտեղ Մեդվեդեւի հասցեին հնչում են կոռուպցիոն մեղադրանքներ:

Վարչապետի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովան հարցումն անվանել է պատվիրված: «Կառավարության ղեկավարն առանձնապես ուշադրություն չի դարձնում նման սոցհարցումներին, հատկապես «Լեւանդա կենտրոնի» կողմից անցկացրած, քանի որ, ամենայն հավանականությամբ, այն քաղաքական պատվեր է»,- ասել է Տիմակովան:

Նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն, իր հերթին, բացատրել է սոցիոլոգիական տվյալների փոփոխականությունը կառավարության բարդ աշխատանքով: Կրեմլում կվերլուծեն այդ տվյալները, խոստացել է Պեսկովը:

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝