Իսպանիայի վարչապետը կատալոնացիներին 2 վերջնագիր է ներկայացրել

46366-1_large

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի տարածքային կառավարությանը միանգամից 2 վերջնագիր է ներկայացրել, հաղորդում է Deutsche Welle-ն: Հոկտեմբերի 16-ից ոչ ուշ Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը պետք է պարզաբանում տա՝ արդյոք տարածաշրջանի անկախության մասին իր հայտարարությունն ուժի մեջ է:

Ռախոյը հայտարարել է, որ եթե Պուչդեմոնը հաստատի Իսպանիայից անկախանալու որոշումը, ապա կենտրոնական կառավարությունը ևս 5 օր ժամանակ կտա, այս անգամ մինչև հոկտեմբերի 19-ը՝ հռչակագիրը չեղարկելու համար: Պահանջները չկատարելու դեպքում Մադրիդը Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն կարող է տարածաշրջանին զրկել ինքնավարությունից, իսկ իրավական պարտավորությունները չկատարելու դեպքում ուղղակիորեն պարտադրել դրանք:

«Պուչդեմոնը պետք է կրկին սկսի հարգել Իսպանիայի սահմանադրական կարգը եւ դադարեցնի անկախացման ընթացակարգը: Միայն այդ դեպքում չի կիրառվի սահմանադրության 155-րդ հոդվածը»,-հայտարարել է Ռախոյը: Փորձագետները, սակայն, քիչ հավանական են համարում, որ Պուչդեմոնը կկատարի այդ պահանջները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում  անցկացված  հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության:

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝