Իրաքյան քրդերի առաջնորդը հայտնել է հանրաքվեն հետաձգելու ԱՄՆ-ի խնդրանքի մասին

thumbs_b_c_a49e277ffdf77788fe93f6aaf56ceef8

Քուրդիստանի անկախության հանրաքվեն ծրագրված է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի շրջապատից արդեն հայտնել են, որ մտադիր չեն տեղափոխել հանրաքվեն:

Բարզանին պնդում է, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետաձգել Քուրդիստանի անկախության համար սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք հանրաքվեն: Ինչպես հայտնել են Բարզանի մամլո ծառայությունից, համապատասխան խնդրանքով իրենց է դիմել ամերիկացի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն օգոստոսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավարը վստահեցրել է, որ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության եւ պաշտոնական Բաղդադի միջեւ եղած բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով: Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունում կարծում են, որ հանրաքվեն կշեղի ավելի էական հարցերից՝ ներառյալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:

Օրը չի փոխվելու

Դրա հետ մեկտեղ Իրաքի նախկին ֆինանսների նախարարը եւ Բարզանիի մոտ դաշնակից Հոշիյար Զեբարին արդեն հայտնել է, որ չնայած Վաշինգտոնի խնդրանքին՝ օրը չի փոխվելու: «Հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 25-ին առանց փոփոխության»,- նշել է նա:

Ինչի՞ վրա կարող է ազդել հանրաքվեն

Նույնիսկ եթե քվեարկության մասնակիցների մեծամասնությունը դրական պատասխան տա, դա չի նշանակի, որ քրդերը կհայտարարեն սեփական պետության ստեղծման մասին: Նախեւառաջ նրանք հույս ունեն Իրաքի կառավարության հետ բանակցություններում աջակցություն ստանալ ինքնորոշման հարցում: Բաղդադի կառավարությունը կտրականապես մերժում է ինչպես քրդերի ինքնիշխանությունն, այնպես էլ այդ թեմայի շուրջ հանրաքվեն: Ենթադրվում է, որ Թուրքիան, Իրանը եւ Սիրիան նույնպես չեն ճանաչի քրդական հանրապետությունը, քանի որ մտավախություն ունեն իրենց տարածքում քրդերի միջեւ անջատողական տրամադրությունների սրացումից:

Իրաքյան քրդերի առաջնորդ Բարզանին 2014թ.-ին արդեն փորձ արել է Քուրդիստանի անկախության հանրաքվե անցկացնել: Այդ ժամանակ վիճելի էին համարվում շրջանները, այդ թվում նաեւ Քիրքուկը: Կառավարական զորքը լքեց այդ շրջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ներխուժման պատճառով, ինչից հետո քրդերն այդ շրջանը վերցրեցին իրենց վերահսկողության տակ:

 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝