«Ալ-Բաղդադին ողջ է եւ թաքնվում է Սիրիայի տարածքում». Ա. Բասրի

image

Իրաքի ՆԳՆ հետախուզության եւ հակաահաբեկչական ծառայության ղեկավար Աբու Ալի Բասրին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին դեռեւս ողջ է եւ թաքնվում է Սիրիայի տարածքում: Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:

Ըստ այդմ, հերքվել է ռուսաստանյան իշխանությունների տարածած տեղեկատվությունը, որ ԻՊ-ի առաջնորդը սպանվել է Ռաքքայում ՌԴ օդուժի կործանիչների գրոհի արդյունքում:

Բասրին դժվարացել է հստակեցնել, թե որտեղ է այժմ գտնվում ահաբեկիչների առաջնորդը, սակայն ընդգծել է, որ Ռաքքայի շրջակայքում չէ: Ըստ նրա, իրաքյան հետախուզությունը հետեւում է ԻՊ-ի հիմնական ղեկավարների գործողություններին եւ վերահսկում նրանց տեղաշարժը:

«Ալ-Բաղդադին Սիրիայի տարածքում է եւ նրա մահվան մասին լուրերը ստահոդ են»,-նշել է Իրաքի ՆԳՆ հետախուզության եւ հակաահաբեկչական ծառայության ղեկավարը:

Աղբյուր՝ Al Arabiya

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝