Ձերբակալվել են ՌԴ ԱԴԾ-ի կենտրոնական ապարատի երկու գնդապետ

20120726_1220131094782162_1079844880_n

Մոսկվայում ձերբակալվել են ՌԴ ԱԴԾ-ի կենտրոնական ապարատի երկու գնդապետ, հաղորդում է lenta.ru-ն: Բարձրաստիճան սպաները մեղադրվում են Ռուսաստանի ԱԳ նախարարությանն առընթեր  դիվանագիտական կորպուսի գլխավոր վարչության եւ դրա հաճախորդների անվտանգությունն ապահովելու դիմաց գումար շորթելու մեջ:

Գործում ներգրավված անձինք են ԱԴԾ-ի կենտրոնական ապարատի ծառայություններից մեկի ղեկավար Անդրեյ Կուտերնինը եւ նրա տեղակալ Ալեքսեյ Կոստենկովը: Հետաքննության վարկածով՝ նրանք ստացել են մոտ մեկ միլիոն ռուբլի անվտանգության մասնավոր ընկերության ղեկավարից նրա հետ 113 միլիոն ռուբլու պայմանագիր կնքելու համար:

Անվտանգության մասնավոր ընկերության գլխավոր տնօրեն Գլեբ Սնիցերովն իր հերթին դիմել է ԱԴԾ-ի անվտանգության վարչություն, որը զբաղվում է հատուկ ծառայության աշխատակիցների հանցագործությունների բացահայտմամբ: Թոփ-մենեջերի խոսքերով՝ առաջին 200 հազար ռուբլին նա փոխանցել է 2016թ.-ի հոկտեմբերին պայմանագրի պատրաստման ընթացքում: Ավելի ուշ Սնիցերովը եւս մի քանի անգամ գումար է տվել սպաներին: Գումարով վերջին ծրարը նա Կոստենկովին տվել է արդեն ԱԴԾ-ի աշխատակիցների հսկողության տակ:

Ծրարը ձեռքին ձերբակալված աշխատակիցը որոշել է համագործակցել հետաքննության հետ եւ ծրարը տարել է իր ղեկավարի գրասենյակ: Ռուսաստանի ԱԳ նախարարությանն առընթեր դիվանագիտական կորպուսի գլխավոր վարչությունն առեւտրային կազմակերպություն է, որը սպասարկում է դիվանագիտական եւ այլ օտարերկրյա ներկայացուցիչներին Մոսկվայում: Մասնավորապես, վարչությունը վարձով է տալիս բնակելի եւ գրասենյակային տարածքներ, ապահովում է բժշկական ծառայությունների մատուցում, կազմակերպում է գործնական եւ զվարճալի միջոցառումներ:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝