
Համբուրգում «Ատլանտիկ» հյուրանոցում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հանդիպումը, հայտնում է «Ռիա Նովոստիի» թղթակիցը:
Առաջնորդների զրույցն ընթանում է աշխատանքային նախաճաշի ընթացքում, սպասվում է, որ նրանք քննարկելու են «քսանյակի» խնդիրները, միջազգային օրակարգի արդիական հարցերը՝ շեշտը դնելով Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վրա:
Այս թեման քննարկվում է տարբեր ձեւաչափերի բանակցություններում, մասնավորապես, «նորմանդական» ձեւաչափով՝ Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ Ուկրաինա:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի մասնակցում Պուտին-Մակրոն-Մերկել հանդիպմանը, քանի որ Ուկրաինան չէր մտնում նախօրեին մեկնարկած «քսանյակի» գագաթաժողովին հատուկ հրավիրված երկրների մեջ:
Ուկրաինայի իրավիճակը քննարկել են նաեւ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախօրեին ունեցած զրույցի ընթացքում: Նախագահները պայմանավորվել են ստեղծել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ երկկողմանի կապ՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար:
Աղբյուր՝ ria.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան