Սիրիայում ապրիլյան հարձակման ժամանակ օգտագործվել է զարին գազ

syria

«Թունավոր նյութը, որն օգտագործվել է ապրիլին Սիրիայի հյուսիսում գտնվող ապստամբական քաղաքում հարձակման ընթացքում, զարին տեսակի գազ է եղել: Սակայն քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության հաշվետվության մեջ չկան ուղղակի նշումներ, որ հարձակումների մեղավորը Բաշար ալ-Ասադի կառավարությունն է»,- հայտնում է The New York Times ամերիկյան թերթի խմբագիր Սյուել Չենը:

Հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն արդեն հայտնել են, որ զոհերի մոտ հայտնաբերված նախանշանները համապատասխանում էին զարինին, իսկ Թրամփի աշխատակազմն ի պատասխան հրթիռային հարված է հասցրել սիրիական թիրախներին:

«Քիմիական զենքն արգելող խմբի նոր եզրակացությունում նշված չէ, թե ովքեր են մեղավոր ապրիլի 4-ին տեղի ունեցած հարձակման համար, սակայն զեկույցը կուսումնասիրվի համատեղ թիմի կողմից, որի մեջ մտնելու են ՄԱԿ-ի քննիչները եւ քիմիական զենքն արգելող կազմակերպությունների ներկայացուցիչները, որպեսզի որոշեն, թե ովքեր են պատասխանատվություն կրելու»,- ասվում է հոդվածում:

«Ես կտրականապես դեմ եմ այդ դաժանությանը, որն ամբողջությամբ հակասում է քիմիական զենքի մասին կոնվենցիայում ամրագրված նորմերին,- ասել է ՔԶԱԿ-ի գլխավոր տնօրենը: -Այդ դաժան հարձակման մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կատարած հանցագործությունների համար»:

 

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝