«Թուրքիան երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի միությունը քրդերի հետ»

18554494_1165384896923449_620071062_n

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի միությունը քրդերի հետ, հաղորդում է BBC-ն:

Էրդողանն ընդգծել է, որ Մերձավոր Արեւելքում տեղ չկա ահաբեկչական կազմակերպությունների համար: Այդ կերպ է նա արտահայտվել քրդերի մասին, որոնց զինելու որոշում է կայացրել պաշտոնական Վաշինգտոնը:

Անկախ առկա տարաձայնություններից, Էրդողանը եւ Թրամփը դրական են գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ խոստացել են ամրապնդել այն:

Ամերիկացիները կարծում են, որ Սիրիայի քրդական խմբավորումները Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մաս չեն կազմում: Պենտագոնից հայտնել են, որ Ամերիկան քրդերին կմատակարարի հրաձգային զենքեր, հրանոթներ, զինապահեստամասեր եւ շինարարական տեխնիկա:

Ամերիկյան իշխանությունները զինում են քրդերին այն հույսով, որ վերջիններս օգնեն ազատագրել Ռաքքա քաղաքը, որն ավելի քան 2,5 տարի գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝