Ալեքսեյ Նավալնին լքել է Ռուսաստանը

18361095_1158340670961205_38179764_n

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին կնոջ հետ հավանաբար մեկնել է Բարսելոնա, հայտնում է Deutsche Welle: Ավելի վաղ բժիշկները պնդում էին, որ նա պետք է բուժում ստանա արտասահմանում, որովհետեւ գրեթե կորցրել է աջ աչքի տեսողությունը:

Նավալնին հարձակման արդյունքում ստացած աջ աչքի քիմիական այրվածքի պատճառով մեկնել է Բարսելոնա արտասահմանում բուժում ստանալու անհրաժեշտությամբ, հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը՝ հղում անելով անհայտ աղբյուրներին: Թվիթթերում հրապարակվել էր նաեւ լուսանկար, որտեղ ինքնաթիռում նստած է Նավալնիին նման տղամարդ, իսկ կողքին մի կին՝ նրա կնոջ արտաքին նմանությամբ:

Նավալնիի նախընտրական շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը «Մեդուզայի» հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ, թե որտեղ է ընդդիմադիր գործիչը: Անձամբ Նավալնին Իսպանիա մեկնելու վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել: Հայտնի չէ նաեւ՝ նա այնտեղ կբուժվի, թե կշարունակի իր ճանապարհը դեպի Շվեյցարիայի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Մայիսի 4-ին Նավալնիին տվել են արտասահմանյան անձնագիր: Նա հինգ տարի չէր կարողանում ստանալ այդ փաստաթուղթը քրեական գործերի պատճառով: Այն բանից հետո, երբ ապրիլի 27-ին ընդդիմադիր գործչի վրա հարձակվեցին, Նավալնին ստացել էր աջ աչքի քիմիական այրվածք եւ գրեթե կորցրել էր տեսողությունը: Բժիշկները չեն բացառել, որ նա կարիք կունենա եղջերաթաղանթի փոխպատվաստման, եւ պնդում էին, որ նա պետք է բուժում ստանա արտասահմանյան որեւէ մասնագիտացված հիվանդանոցում:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝