«Եթե ԱՄՆ-ն անխոհեմ զորաշարժ սկսի, մենք կպատասխանենք կանխարգելիչ հարվածով»

07021122.656002.3347

Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Հան Սոն Ռյոլը Կորեական թերակղզում լարվածության աճի պատասխանատու է համարում ԱՄՆ-ին, հաղորդում է BBC-ն: Դիվանագետը հայտնել է նաեւ, որ ԿԺԴՀ-ը պատրաստ է կանխարգելիչ հարված հասցնել ամերիկյան ուժերին:

Հան Սոն Ռյոլի խոսքերով, էսկալացիայի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վրա: «Իր ագրեսիվ թվիթներով Թրամփն անախորժություններ է ստեղծում: Թրամփը մշտապես սադրանքներ է անում իր ագրեսիվ հայտարարություններով, հետեւաբար խնդիրներ ստեղծում է Վաշինգտոնը, այլ ոչ թե Կորեան»,-նշել է դիվանագետը:

«Եթե ԱՄՆ-ն անխոհեմ զորաշարժ սկսի, մենք կպատասխանենք կանխարգելիչ հարվածով: Մենք տիրապետում ենք զսպման միջուկային գործիքների, եւ մենք ձեռքներս ծալած չենք նստի ու սպասի ԱՄՆ-ի հարձակմանը»,-ավելացրել է Ռյոլը:

Վաշինգտոնը դիտարկում է Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի կիրառման հնարավորությունը: «Հյուսիսային Կորեան խնդիր է, եւ մենք կլուծենք այդ խնդիրը»,-հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ ամերիկյան նավատորմի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, հրաման է ստացել տեղաշարժվել դեպի Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատված:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝