Մեդվեդեւն առաջին անգամ արձագանքել է Նավալնիի ղեկավարած հիմնադրամի հետաքննությանը

17792314_1124218271040112_1409817107_n

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջին անգամ արձագանքել է կոռուպցիայի մեղադրանքներին, որոնք մեկ ամիս առաջ հնչեցրել է Ալեքսեյ Նավալնիի ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, հաղորդում է BBC-ն:

«Ու՞մ է դա ձեռնտու: Իհարկե նրանց, ովքեր պատվիրում են նման նյութերը: Դրանք, որպես կանոն, այնպիսի մարդիկ են, ովքեր ունեն կոնկրետ քաղաքական նպատակներ»,-ասել է վարչապետը:

Նա նաեւ հայտարարել է, որ կոմպրոմատների հրապարակումն ունի մարդկանց փողոց դուրս բերելու նպատակ:

«Վերցնում են ինձ, իմ ծանոթներին վերաբերող ստահոդ տեղեկություններ, խոսում են այն վայրերի մասին, որտեղ ես ընդհանրապես չեմ եղել, հավաքում են թղթեր, լուսանկարներ, հագուստ, այնուհետ ինչ-որ նյութ են պատրաստում եւ ներկայացնում»,-ավելացրել է Մեդվեդեւը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում մարտի 26-ին անցկացվեցին բողոքի մասսայական ակցիաներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով: Այդ ակցիաներին նախորդել էր Նավալնիի հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննական հրապարակումը, որում ներկայացվել էր, թե ինչ ունեցվածքի է տիրապետում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Մոսկովյան ակցիայի ժամանակ բերման ենթարկվեցին հարյուրավոր ցուցարարներ՝ այդ թվում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝