«Վորոնենկովի սպանությունն ահաբեկչություն է Ռուսաստանի կողմից». Պորոշենկո

ukraine-killing_e85343f0-0fc9-11e7-be49-55692bf38950

«Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանությունը, որն իրականացվել է Կիեւում, որակել է որպես Ռուսաստանի կողմից ձեռնարկված պետական ահաբեկչություն»,-հաղորդում է BBC-ն:

Ինչպես հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն, Պորոշենկոն նման միտք է արտահայտել ուկրաինական ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ անմիջապես սպանությունից հետո:

«Կիեւի կենտրոնում նենգաբար կատարված սպանությունը պետական ահաբեկչություն է Ռուսաստանի կողմից: Դենիս Վորոնենկովը ստիպված էր լքել Ռուսաստանը՝ ելնելով քաղաքական նկատառումներից: Դա ռուսաստանյան հատուկ ծառայությունների հստակ ձեռագիրն է, ինչը նախկինում կիրառվել է տարբեր եվրոպական երկրներում»,-հայտարարել է Պորոշենկոն:

Նա նշել է, որ Վորոնենկովը եղել է Ուկրաինայի դեմ ռուսաստանյան ագրեսիայի գլխավոր վկաներից մեկը, մասնավորապես, տիրապետել է տեղեկությունների Ուկրաինայի տարածք ռուսաստանյան զորքերի ներխուժման գործում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ունեցած դերի մասին:

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ «ռուսաստանյան հետքի» մասին Պորոշենկոյի  հայտարարությունը խոսում է այն մասին, որ այդ հանցագործության հետաքննությունը չի կարող օբյեկտիվորեն տարվել:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ուկրաինական կողմի պնդումները համարել է աբսուրդային:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կիեւի կենտրոնում գնդակահարել են ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին: Նախկին պատգամավորի թիկնապահը հրազենային վնասվածքներ է ստացել, սակայն հասցրել է վիրավորել մարդասպանին:

Վորոնենկովն Ուկրաինայում էր գտնվում 2016թ.-ի հոկտեմբերից: Նա ուկրաինական քաղաքացիություն էր ստացել եւ պնդել էր, որ ցուցմունքներ է տվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով:

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝