Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսարանի վրա թուրքական դրոշ են տեղադրել

17270891_1102965273165412_414601755_n

Ցուցարարները Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսարանի շենքի վրա թուրքական դրոշ են տեղադրել, հաղորդում է Agence France Presse-ը:

Բողոքի ակցիա իրականացնող թուրքերը պահանջում են փակել հյուպատոսարանը:

Ոստիկաններն արգելափակել են Նիդեռլանդների ներկայացուցչական բոլոր կառույցներ տանող ճանապարհների ելքերն ու մուտքերը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան չափազանց կոշտ է արձագանքելու հոլանդական իշխանությունների գործողություններին, որոնք թուրք նախարար Ֆաթմա Սայան Քայային երկրից վտարելու որոշում են կայացրել: Նրան հայտարարել են «անցանկալի օտարերկրյա անձ»:

Ռոտերդամի ոստիկանությունը նաեւ ցրել է թրքուհի նախարարին աջակցելու համար տեղի թուրքերի կազմակերպած հանրահավաքը:

Ավելի վաղ, Ռոտերդամում արգելվել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:  Այդ որոշումը միջազգային սկանդալի պատճառ էր դարձել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդեռլանդների իշխանություններին համեմատել էր նացիստների հետ, ինչից հետո հոլանդացի վարչապետ Մարկ Ռյուտեն Էրդողանին անվանել էր խելագար:

Թուրք պաշտոնյաները ծրագրել էին եվրոպական մի շարք երկրներում, որտեղ ապրում են թուրքեր, առաջիկա հանրաքվեի աջակցության համար հանրահավաքներ անցկացնել: Սակայն Գերմանիայի, Ավստրիայի եւ Նիդեռլանդների իշխանություններն արգելել են իրենց երկրներում նման միջոցառումների անցկացումը:

Աղբյուր՝ Agence France Presse

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝