Սիրիայում ռուսաստանցի զինծառայողներ են զոհվել. ՌԴ ՊՆ-ն խուսափում է հրապարակել նրանց անունները

KMO_111307_11719_1_t218_192047

Սիրիայում զոհվել է ռուսաստանցի զինծառայող Արտյոմ Գորբունովը, ով հետախուզության 96-րդ առանձին զորամիավորման ծառայող է եղել: Meduza.io-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնել է Conflict Intelligence Team կազմակերպությունը, որը զբաղվում է Սիրիայում եւ Դոնբասում ընթացող մարտական գործողությունների մոնիթորինգով:

Կազմակերպությունը հղում է կատարել զոհվածի կնոջը, ով սոցցանցի իր էջում հայտնել է ամուսնու մահվան մասին: Վերջինս զոհվել է մարտի 2-ին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հաղորդել Արտյոմ Գորբունովի մահվան մասին:

Հաղորդվում է, որ Չելյաբինսկի մարզի Օզերսկ քաղաքում հուղարկավորել են Սիրիայում զոհված եւս մեկ զինծառայողի՝ Իվան Սլիշկինին: Լրագրողները հայտնել են, որ նա մեկնել է սիրիական առաջնագիծ, որպեսզի «լուրջ գումարներ վաստակի ամուսնության համար»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սլիշկինի մահվան մասին տեղեկություններ չի հրապարակել:

Մարտի 2-ին հայտնի էր դարձել, որ Պալմիրայի համար մղվող մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը: Գեներալի զրահամեքենան պայթել է ռադիոկառավարվող ֆուգասի վրա, Միլյուխինին ուղեկցող 4 զինծառայողներ զոհվել են:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝