Շվեյցարիայում մուսուլման աշակերտուհիներին օրենքով պարտադրել են տղաների հետ մասնակցել լողի դասաժամերին

293290_275989155746155_182110848467320_1198763_925927321_n

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել, որ Շվեյցարիայի իշխանությունների՝ մուսուլման աշակերտուհիներին տղաների հետ միասին լողի դասաժամերին մասնակցել պարտադրելու որոշումը չի խախտում դպրոցականների կրոնական իրավունքները, հաղորդում է BBC-ն:

Քննության առնելով բողոքը, դատարանը գտել է, որ երկրի իշխանություններն իրավասու են պահանջել դպրոցական ծրագրի անվերապահ կատարում՝ հանուն շվեյցարական հասարակությունում երեխաների հաջող ինտեգրացիայի:

ՄԻԵԴ-ը վճռել է. «Թեեւ նման պահանջները կարելի է գնահատել որպես որոշակի միջամտություն կրոնական ազատությանը, սակայն դրանք մեծ հաշվով այդ ազատության լուրջ խախտում չեն հանդիսանում»:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ շվեյցարական իշխանությունները գործել են օրենքի սահմաններում՝ պաշտպանելով օտարազգի դպրոցականներին սոցիալական մեկուսացումից:

Բողոքը ներկայացվել է թուրքական ծագում ունեցող Շվեյցարիայի 2 քաղաքացու կողմից, ովքեր հրաժարվել են իրենց դուստրերին ուղարկել դպրոցական պարտադիր պարապմունքներին, որոնց մասնակցում են նաեւ տղաները:

Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ կրոնական համոզմունքներից ելնելով լողի դասաժամերից կարելի է հրաժարվել միայն այն դեպքում, երբ աղջիկը սեռական հասունացման տարիքի է հասել, ինչը տվյալ դեպքում չի եղել:

Իրենց դուստրերին արգելք հանդիսացած ծնողները տուգանվել են 1,3 հզր.-ական եվրո գումարով՝ ծնողական պարտականությունները լիարժեք չկատարելու համար:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝