Թրամփը մեկնաբանել է ՌԴ-ից ամերիկացի դիվանագետներին չվտարելու Պուտինի որոշումը

_90607316_034327846-1

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «գերազանց քայլ» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրից ամերիկացի դիվանագետներին չվտարելու որոշումը, որը սպասվում էր ռուսաստանցի դիվանագետների նկատմամբ գործող նախագահ Բարակ Օբամայի կիրառած պատժամիջոցներից հետո, հաղորդում է tvrain.ru-ն:

Այդ մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում: «Ես միշտ գիտեցել եմ, որ նա շատ խելամիտ է»,- ավելացրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ ԱՄՆ-ից 35 ռուսաստանցի դիվանագետների վտարելու որոշում է ընդունվել, ինչպես նաեւ հայտարարվել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Պատժամիջոցները կիրառվում են կապված նախընտրական արշավի ընթացքում իրականացված կիբերհարձակումների հետ, որում Վաշինգտոնը մեղադրում էր Ռուսաստանին:

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման պատժամիջոցներն անվանել է անհրաժեշտություն եւ ադեկվատ պատասխան Ռուսաստանի գործողություններին:

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ երկրից չեն արտաքսի ամերիկացի դիվանագետներին:

«Մենք չենք իջնի «խոհանոցային», անպատասխանատու դիվանագիտության  մակարդակի, եւ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հետագա քայլերը կիրականացնենք՝ ելնելով նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի քաղաքական ուղեգծից»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝