«Իսլամական պետության» գրոհայինները կրկին մուտք են գործել Պալմիրա

15401260_1023808967747710_1354529909_n

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրկին մուտք են գործել սիրիական հինավուրց Պալմիրա քաղաք, հաղորդում է BBC-ն:

Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի ներկայացուցիչ Ռամի Աբդել Ռահմանի խոսքերով, ԻՊ-ի ջիհադիստներն արդեն զբաղեցրել են քաղաքի հյուսիս-արեւմտյան հատվածը:

«Կառավարական զինված ուժերի հետ մարտեր են ընթանում նաեւ քաղաքի կենտրոնում»,-հայտնել է Ռահմանը:

Պալմիրան ազատագրվել էր ընթացիկ տարվա մարտին սիրիական զինված ուժերի կողմից՝ ռուսաստանյան օդուժի աջակցությամբ: Օրեր առաջ ջիհադիստները գրոհ ձեռնարկեցին՝ նպատակ ունենալով կրկին գրավել քաղաքը:

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Պալմիրան վերահսկողության տակ են պահել 10 ամիս՝ ավերելով բազմաթիվ հնագույն հուշարձաններ՝ մասնավորապես Հին Հռոմեական դարաշրջանին պատկանող Հաղթակամարը, սյուներ եւ արձաններ: Բացի այդ, պայթեցվել էր տաճարը, որը վաղ անտիկ դարաշրջանի մեծարժեք հուշարձաններից էր:

Պալմիրա քաղաքը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝