Ի՞նչ է պատահել Ան-148 ինքնաթիռի հետ թռիչքից մի քանի րոպե անց. հիմնական վարկածները

27994833_1404828676312402_16078260_n

Մերձմոսկվայում «Սարատովյան ավիաընկերությանը» պատկանող Ան-148 ինքնաթիռը փետրվարի 11-ին կործանվել էր Դոմոդեդովո օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Զոհվել էին 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները: Քննչական խմբի եւ ավիացիայի փորձագետները լրատվամիջոցներին ներկայացնում են ամենատարբեր վարկածներ:

Ամենագլխավոր վարկածներից մեկն օդանավի՝ օդում կործանվելն է: Դրան կարող էր հանգեցնել ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունը. օրինակ՝ ահաբեկչություն կամ անսարքության հետեւանքով շարժիչի պայթյունը: «Կոմերսանտի» աղբյուրները մինչեւ հիմա հիշում են 2011թ.-ին տեղի ունեցած Ան-148-ի աղետը: Այդ ժամանակ ուսումնական թռիչքի ընթացքում անձնակազմը զգալիորեն ավելացրել էր առավելագույն արագությունը, քանի որ ռադարները սխալ տվյալներ են ցույց տվել: Արդյունքում ինքնաթիռն օդում կործանվեց՝ ծանրաբեռնվածությունից, եւ անձնակազմի բոլոր անդամները զոհվեցին: Աղբյուրները նշում են նաեւ, որ «Սարատովյան ավիաընկերության» կործանված ինքնաթիռում 2017թ.-ին տրանսպորտի վերահսկողության դաշնային ծառայությունը խախտումներ էր արձանագրել. շարժիչների յուղը երկու անգամ ավելի քիչ է փոխվել, քան անհրաժեշտ էր: Օդում ինքնաթիռի կործանման վարկածի օգտին խոսում է նաեւ այն փաստը, որ բեկորների ցրման տարածքը կազմել է 30 հա:

Օդում պայթելու վարկածի դեմ խոսում են հետաքննության  ձեռք բերած առաջին տվյալները: РБК–ի աղբյուրները պնդում են, որ շարժիչներն աշխատել են մինչեւ գետնին դիպչելը: Որտեղից են ստացել այդ տեղեկությունը՝ ճշտված չէ, սակայն հայտնաբերված միակ «սեւ արկղը» պարամետրային ձայնագրիչ է, որը գրանցում է օդանավի համակարգերի մասին տեղեկությունը: Ահաբեկչությունը քիչ հավանական է համարվում, քանի որ պայթուցիկ սարքի հետքեր չեն հայտնաբերվել: Այդ վարկածի կողմնակիցները բեկորների տարածվածությունը բացատրում են այսպես. ինքնաթիռն ընկել է ներքեւ լիքը վառելիքով, եւ տեղի է ունեցել պայթյուն: Այդ պայթյունը երեւում է տեսախցիկների արած ձայնագրություններում:

Ամեն դեպքում, օդանավի վթարն այնքան արագ է եղել, որ օդաչուները չեն հասցրել հայտնել այդ մասին: Օդանավն օդում գտնվել է ընդամենը մի քանի րոպե, անձնակազմը բարձրանալու թույլտվություն է ստացել եւ դրանից հետո այլեւս չի պատասխանել հարցերին: Այն վարկածը, թե օդաչուները Ժուկովսկում արտակարգ վայրէջք են խնդրել, չի հաստատվել: Թռիչքի բարձրության գրաֆիկայում երեւում է, որ Ան-148-ն աստիճանաբար բարձրացել է, այնուհետեւ որոշակի ժամանակ իջել, հավասարվել, այնուհետեւ ընկել է:

Օդանավը չի անցել մակերեսային հետազոտություն թռիչքից առաջ: Բոլոր նախաթռիչքային գործողություններն իրականացվել են,սակայն անձնակազմի հրամանատար Վալերի Գուբանովն անհայտ պատճառներով հրաժարվել է օդանավակայանում անցկացվող հատուկ հետազոտությունից: Միեւնույն ժամանակ Ան-148-ն ունի կորպուսի ջեռուցման համակարգ, իսկ օդաչուները նշում են, որ սառցակալման դեպքում ինքնաթիռը չէր կարողանա օդ բարձրանալ: Քննչական կոմիտեում նշում են, որ վատ եղանակային պայմանները մնում են ավիավթարի առաջնային վարկածների թվում:

Ուղղաթիռի հետ բախման վարկածն ամբողջությամբ բացառվել է: Վթարի վայրում փոստային փաթեթների հայտնաբերումից հետո «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով անհայտ աղբյուրների, հայտնել էր, որ Ան-148-ը կարող էր բախվել «Почты России» ուղղաթիռի հետ: Այդ վարկածն ամբողջությամբ հերքեցին ԱԻ նախարարությունից, իսկ «Почты России» բացատրեց, որ Ան-148 ինքնաթիռում եղել է գովազդային թերթիկներով լի տոպրակ:

Ան-148-ի արտադրությունն ամեն դեպքում հարցականի տակ է: Վորոնեժում հավաքում են վերջին երկու օդանավերը, իսկ նոր պատվերներ դեռ չկան: «Սարատովյան ավիաընկերությունն» ուներ 5 ինքնաթիռ, եւս 6-ը «Ռոսսիա» նախագահական թռիչքային ջոկատը, եւ 4-ը՝ «Անգարա» ընկերությունը: Դրանց թռիչքները Ռուսաստանում արգելված չեն:

 

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝