Սննդամթերքի գույնի ազդեցությունն առողջության վրա

food

Հետազոտողներին վաղուց է հայտնի, որ գույները որոշակիորեն ազդում են մտածելակերպի եւ ընդհանուր առողջության վրա: Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ մթերքի գույնը եւս կարող է առաջացնել տարբեր ռեակցիաներ օրգանիզմում:

Ուտեստների վառ գույներն ախորժակ են գրգռում, ուստի  պատահական չէ, որ խոհարարները փորձում են գեղեցիկ ձեւավորել իրենց արվեստի գործերը` օգտագործելով տարբեր երանգների մթերք: Պարզվում է, որ գույների բազմազանությունը շատ  կարեւոր է  մեր առողջության համար:

Յուրաքանչյուր գույնի մթերք հարմար է օրվա որոշակի ժամանակի: Օրինակ` թարմացնող կանաչ եւ դեղին գույների մթերքներն իդեալական են առավոտյան նախաճաշի ժամանակ: Նարնջագույնը եւ կարմիրը կապահովեն մեր էներգիան ողջ օրվա ընթացքում, իսկ արդեն  ճաշին պետք է ընտրել մանուշակագույն մթերք, քանի որ այն հանգստացնող է:

Մթերքների գույները խոսում են նրանցում պարունակվող ակտիվ նյութերի մասին, որոնք ուղղակի անհրաժեշտ են մեր օրգանիզմին:

  • Դեղին երանգ ունեցող մթերքները պարունակում են ֆլավանոիդներ, որոնք նպաստում են  նյութափոխանակությանը, օգնում են այրել ճարպերը, բարելավում են մաշկի եւ ավշային համակարգի վիճակը, ինչպես նաեւ ամրապնդում են նյարդային համակարգը:
  • Կարմիր, նարնջագույն եւ դեղին գույնի մթերքները հարուստ են կարոտինոիդներով: Նրանք պաշտպանում են բջիջները եւ խթանում հյուսվածքների վերականգնումը: Լիկոպինը, որը պարունակվում է կարմիր գույնի մթերքներում, ինչպիսիք են լոլիկը եւ ձմերուկը, հզոր հակաօքսիդանտ է, որը կանխում է սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի առաջացումը:
  • Քլորոֆիլը, որը պարունակվում է կանաչ գույնի մթերքներում, քիմիական բաղադրությամբ մոտ է հեմոգլոբինի բաղկացուցիչ մասին եւ հարուստ է մագնեզիումի աղերով: Այն կարգավորում է մարսողությունը եւ բարձրացնում դիմադրողականությունը:

Այժմ ավելի  մանրամասն ծանոթանանք յուրաքանչյուր գույնի մթերքի կարեւորության ու նշանակության հետ:

Մթերքների դեղին գույնը կապված է մարսողության, լյարդի եւ աղիների աշխատանքի հետ: Դեղին գույնը նպաստում է օրգանիզմից տոքսինների հեռացմանը: Ակտիվացնում է ուղեղն ու մտածողությունը, ուստի կարեւոր է այս գույնի մթերքներն ընդգրկել սննդակարգ ուսուցման ժամանակ: Օգնում է նյարդային համակարգի հիվանդությունների, փորկապության, ստամոքսի խանգարումների եւ շաքարախտի դեպքում: Դեղին գույնի մթերքներից են ցիտրուսները, խնձորը, շեկ խաղողը, արքայախնձորը, բանանը, եգիպտացորենը, կարտոֆիլը, դդումը, քաղցր պղպեղը, դեղին հատիկավոր լոբին, դեղին պանիրը եւ այլն:

Մթերքների մանուշակագույն երանգը կարեւոր է հոգեկան առողջության համար: Այս գույնը կապված է շնչառական համակարգի հետ եւ բարելավում է թթվածնի հոսքը: Եթե ​​սննդակարգի մեջ բացակայում են մանուշակագույն մթերքները, ապա մարդիկ իրենց անընդհատ հոգնած են զգում: Այս գույնի մթերքներն օգնում են թեթեւացնել կոկորդի ցավը, իջեցնում են ջերմությունը, բորբոքումը, թեթեւացնում են սպազմը, սաստիկ ցավերը եւ քորը: Մանուշակագույն մթերքներից են ճակնդեղը, մոշը, հապալասը, սեւ խաղողը, սալորը, կարմիր կաղամբը, սմբուկը եւ այլն:

Կարմիր գույնի մթերքները լավացնում են արյան շրջանառությունը, բարելավում մկանային լարվածությունը, լցնում են էներգիայով: Կարմիր գույնի սնունդը բուժում է ընկճախտը, այն անփոխարինելի միջոց է սակավարյունությունով տառապող մարդկանց համար: Կարմիր մրգերն ու բանջարեղենն ամրապնդում են իմունային համակարգը, բարելավում  մարսողությունը եւ մաքրում օրգանիզմը տոքսիններից: Կարմիր գույնի մթերքներից են միսը, ինչպես նաեւ լոլիկը, կարմիր հատապտուղները, կարմիր լոբին, նուռը, կարմիր պղպեղը, ձմերուկը, չի բացառվում նաեւ կարմիր գինին:

Մթերքների նարնջագույն երանգը դարձնում է մեզ ավելի շփվող, լավատես եւ ստեղծագործ: Այն դրականորեն է ազդում ֆիզիկական եւ մտավոր զարգացման, ինչպես նաեւ   մարսողական օրգանների վրա: Հակաօքսիդանտների բարձր պարունակության շնորհիվ սննդի մեջ քայքայում է տոքսիկ նյութերը եւ վերականգնում վնասված բջիջները: Նարնջագույն մթերքներից են որոշ ցիտրուսներ, այս գույնի քաղցր պղպեղը, դդումը, գազարը, դեղձը, ծիրանը, խուրման, դեղին խնձորը, արքայախնձորը, ձվի դեղնուցը, սաղմոնը, մեղրը, եգիպտացորենը, պանիրը:

Կանաչ գույնի մթերքները մեզ տալիս են խաղաղություն, հավասարակշռություն եւ ներդաշնակություն: Դրականորեն են ազդում սրտի աշխատանքի վրա, կարգավորում են զարկերակային ճնշումը, բարելավում են թոքերի աշխատանքը: Կանաչ մթերքներն օգտակար են արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար: Կանաչ գույնի մթերքներից են բոլոր կանաչիները, կանաչ սոխը, սպիտակ կաղամբը, բրոկկոլին, դդմիկը, խնձորը, խաղողը, կիվին, կանաչ հաղարջը, վարունգը, կանաչ ոլոռը, կանաչ լոբին, կանաչ թեյը եւ այլն:

Շագանակագույն մթերքները վերահսկում են վահանաձեւ գեղձի աշխատանքը, ազդում մտավոր եւ ֆիզիկական ունակությունների վրա, ինչպես նաեւ տեսողության եւ լսողության վրա: Այս մթերքներից են  հնդկացորենը, խորոված կարտոֆիլը, դարչնագույն բրինձը, կակաոն եւ այլն:

Տիգրան Գասաբյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>