Ինչպես ներկած հավկիթները դարձան Զատկի տոնի խորհրդանիշ

zatik

Զատկի տոնին ներկած ձվեր նվիրելու սովորույթ ունեն գրեթե բոլոր քրիստոնյաները: Այն խորհրդանշում է Տիրոջ գերեզմանը, որում թաքնված է հավերժական կյանքը: Պաղեստինում դամբարանները քարայրներում էին կառուցում, իսկ մուտքը փակում էին քարով, որը մի կողմ էին գլորում, երբ հանգուցյալին պիտի դնեին այնտեղ: Ավանդույթի համաձայն՝ այն քարը, որով փակել են Հիսուս Քրիստոսի գերեզմանն, իր ուրվագծով նման էր ձվի: Ուստի քրիստոնյաների համար զատկական ձվի մեջ է թաքնված Քրիստոսի Հարության, փրկության եւ հավերժական կյանքի խորհուրդը: Կարմիր գույնը, որով շատ հաճախ ներկում են ձվերը, նշանակում է Քրիստոսի արյունն ու տառապանքը:

Обои картинки фото easter, spring, flowers, eggs, colorful, tulips, пасха

Որտեղի՞ց է գալիս ձու ներկելու ավանդույթը:

Ներկած հավկիթների մասին առաջին հիշատակումը հանդիպում է տասներորդ դարի ձեռագրում, որը հայտնաբերվել է հունական Սուրբ Անաստասիա վանքի գրադարանում: Ըստ ձեռագրի` Զատկի տոնին վանահայրն օրհնված ձվեր է տվել միաբանությանն՝ ասելով հետեւյալ խոսքերը` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»:

Սակայն դրա ծագման պատմության եւ խորհրդանշական մեկնաբանության բազմաթիվ տարբերակներ կան: Ահա դրանցից մի քանիսը.

♦ Ըստ մի վարկածի՝ ձվերի կարմիր գույնը կարող է հունական ծագում ունենալ: Իբր թե Ալեքսանդր Մակեդոնացու ծննդյան օրը նրա մորը պատկանող հավը կարմիր հավկիթներ էր ածել:

♦ Մեկ այլ ենթադրության համաձայն՝ ձվեր ներկելու սովորույթը կապված է հռոմեական կայսր Մարկուս Ավրելիուսի ծննդյան հետ, որը իր մեկնաբանությամբ նման է Ալեքսանդր Մակեդոնացու ծննդյան հետ կապված վարկածին:

♦ Մյուս վարկածի համաձայն՝ կարմիր գույնը խորհրդանշում էր քրիստոնեական առաջին նահատակների արյունը, որոնց ստիպել են հրաժարվել Քրիստոսից եւ տեղադրել են ձվի տեսք ունեցող մի ինքնատիպ կաղապարի մեջ:

♦ Կա նաեւ Մարիամ Մագդաղենացու եւ Տիբերիուս կայսեր մասին լեգենդ. ըստ հին սովորության՝ կայսրին նվերներ էին մատուցում, Մագդաղենացին եւս գնացել էր՝ տեղեկացնելու կայսրին Քրիստոսի Հարության մասին եւ ի հաստատումն իր խոսքերի` իր հետ ձու էր տարել: Սակայն Տիբերիուսն ասել էր, թե ինչպես ձուն է սպիտակ, այլ ոչ կարմիր, այնպես էլ մեռյալները հարություն չեն առնում: Հենց այդ պահին Մագդաղենացու ձեռքում ձուն կարմրել էր: Նրա քարոզը հուզել էր

Տիբերիուսին, եւ նա որոշել էր չհալածել քրիստոնյաներին: Ի հիշատակ այդ իրադարձության՝ քրիստոնյաները միմյանց կարմիր ներկած ձվեր են տալիս:

Обои картинки фото яблоки, пасха, праздник, весна, яйцаՍակայն այս բոլոր տարբերակներն իրական ապացույցներ չունեն: Ամենայն հավանականությամբ, Զատկին ձու ուտելու ավանդույթը կապված է սովորական` առօրյա ծիսակատարության հետ: Հռոմեացիները սովորաբար կերակուրը սկսել են ձվից, ապա մատուցվել է բանջարեղեն ու մսային ուտեստներ, իսկ վերջում՝ մրգեր: Այստեղից է իր ծագումը ստացել լատիներեն ovo usque ad mala արտահայտությունը` «ձվերից մինչ խնձոր», այսինքն ամեն ինչ իր հերթին` սկզբից մինչեւ վերջ:

Ըստ վաղ քրիստոնեական դարաշրջանի հռոմեական բանաստեղծ Ավրելիուս Պրուդենցիուս Կլեմենտի` քրիստոնյաները ողջ պահքի ընթացքում զերծ էին մնում ձու ուտելուց՝ սահմանափակվելով միայն բանջարեղենով: Միայն Զատկի տոնին՝ ծոմապահությունից հետո էին լիարժեքորեն սնվում: Իսկ ընթրիքն իհարկե սկսում էին ձվով:

Обои картинки фото пасха, яйца, пасхальные яйца

Обои картинки фото цветы, яйца, праздник, пасхаՆերկած ձվերն այլ ազգերի մոտ կապված են գարնան գալստի տոնակատարության հետ. այն մարմնավորում է իր մեջ կյանքի կենարար ուժը: Ամբողջ տիեզերքն էր ներկայացվում որպես ձվից դուրս եկած: Եգիպտացիների, պարսիկների, հույների, հռոմեացիների համոզմունքներում ու ավանդույթներում ձուն խորհրդանշում էր ծնունդն ու վերածնունդը: Օրինակ՝ իրանական ժողովուրդները սովորություն ունեն միմյանց ներկած կարմիր ձվեր տալ Նովրուզի օրը (Նոր Տարի): Նման ավանդույթ կա նաեւ Չինաստանում: Այսօր այն կապված է քրիստոնեության հետ, բայց դրա պատմության արմատները գնում են դեպի խոր անցյալ` Չժոու գերդաստանի ժամանակաշրջան (մ.թ.ա. 1122-255թթ): Այդ ժամանակ Ցինմին տոնակատարության ընթացքում արգելված էր երեք օր կրակ վառել: Եվ քանի որ նման պայմաններում անհնար էր տաք սնունդ եփել, մարդիկ իրենց համար խաշած ձվեր էին պաշարում: Ընդունված էր ընկերներին եւս խաշած ձվեր ուղարկել: Ժամանակի ընթացքում այս սովորույթը մոռացվեց եւ վերածնվեց միայն Չինաստանի տարածքում քրիստոնեության հայտնվելով:

Տիգրան Գասաբյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>