8 կանայք, ովքեր փոխել են բժշկությունը

image

Կանանց միջազգային տոնը սովորաբար ասոցացնում են ծաղիկների, քաղցրավենիքի կամ փափուկ խաղալիքների հետ: Սակայն իրականում այդ տոնի պատմությունը պատմում է ոչ թե ծաղկեփնջերի, այլ իրական պայքարի մասին:

1857թ.-ին ամերիկացի կանայք դուրս էին եկել Չիկագոյի փողոցներ իրենց իրավունքների պաշտպանության և տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու համար:

Այդ օրվանից կանայք շատ արդյունքների հասան, և անհավասարության խնդիրն այլեւս այդքան ընդգծված չէ: Կին-գիտնականները, կին-բժիշկները, կին-գյուտարարները մեր երկրագունդը դեպի լավն են փոխում, և դա արդեն ոչ մեկին տարօրինակ չի թվում: Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ այն ժամանակներում, երբ կանայք համարվում էին թույլ սեռ և երկրորդ կարգի գիտնական, նրանք ամեն դեպքում իրականացրել են հեղափոխական բացահայտումներ: Ձեզ ենք ներկայացնում այն կանանց, որոնց հայտնագործությունները փրկել են միլիոնավոր մարդկանց կյանքեր, և ովքեր իրենց օրինակով ապացուցել են, որ բժշկությունը հենց «կանացի» գործ է:

1.Մարիա Կյուրի. ռադիոակտիվության երևույթի բացահայտումը

100 տարի առաջ ոչ ոք չգիտեր «ռադիոակտիվություն» բառը: Այն հնարել է Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին այն բանից հետո, երբ հայտնաբերել է նոր քիմիական տարր՝ ռադիումը: Նա է անվանել այդ հատկությունները ռադիոակտիվ: Մեկ տարի անց Մարիան դարձավ Նոբելյան մրցանակ ստացող առաջին կինը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մարիան ստեղծել է շարժական ռենտգենյան սարքերը և հորինել է սնամեջ ասեղներ ռադիումով, որոնք հականեխել են միլիոնավոր վիրավորված զինվորների մարմնի վիրավոր մասերը:

Առանց Կյուրիի հայտնագործման չէր լինի ոչ ռենտգենը, ոչ ուռուցքների բուժման ճառագայթային մեթոդները, ոչ էլ նույնիսկ միջուկային էներգետիկան:

2.Ռոզալինդ Ֆրանկլին. ԴՆԹ-ի կառուցվածքի լուսանկար

Բժիշկ Ֆրանկլինը ռենտգենի օգնությամբ առաջին անգամ նկարել է ԴՆԹ-ի կառուցվածքը և եզրակացրել է, որ այն ունի պարույրի ձև: Ռոզալինդն առաջ անցավ միանգամից մի քանի գիտական հաստատություններից, սակայն նրա համար այդ պատմությունը շատ տխուր ավարտ ունեցավ: «Լեդի ԴՆԹ»-ն հիվանդացել է քաղցկեղով անընդհատ ճառագայթման մեջ լինելու պատճառով և մահացել է իր բացահայտումից հետո, իսկ նրա հայտնագործության հիման վրա Ֆրենսիս Կրիկը, Ջեյմս Ուոթսոնը և Մորիս Ուիլկինսը Նոբելյան մրցանակ են ստացել:

Ռոզալինդի ներդրումը երկար տարիներ մոռացվեց: Որոշ կենսագիրներ կարծում են, որ դա տեղի է ունեցել դժբախտ պատահականության սկզբունքով, մյուսները կարծում են, որ գործընկերները պարզապես գողացել են լուսանկարը և իրենց քայլն արդարացրել են նրանով, որ Ֆրանկլինը կին է, իսկ դա նշանակում է, որ չի կարողանա բացատրել իր սեփական բացահայտումը:

3.Քրիստինա Նյուսլյայն-Ֆոլհարդ. բացահայտել է սաղմի զարգացման վրա ազդող գեները

Կենսաբան Նյուսլյայն-Ֆոլհարդը Էրիկ Վիշաուսի հետ միասին ստուգել է մրգային ճանճերի հազարավոր գեներ և ապացուցել, որ մեկ բջջից զարգանում է ամբողջ օրգանիզմը: Նրանք հետևել են նաև մուտացիայի ենթարկված հազարավոր միջատների և բացահայտել են, թե ԴՆԹ-ում ինչպիսի խանգարումներն են շեղումների պատասխանատուն:

Ավելի ուշ պարզվեց, որ մարդկային սաղմի մուտացիան տեղի է ունենում այդպես: Հիմա Նյուսլյայնի և Վիշաուսի հետազոտությունները թույլ են տալիս նվազեցնելու վիժումների և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնվելու ռիսկը, իսկ իրենց աշխատանքի համար գիտնականները ստացել են Նոբելյան մրցանակ:

4. Գերտրուդա Բել Էլիոնը հայտնաբերել է բազմաթիվ հիվանդությունների դեմ դեղորայք

Առանց այս Նոբելյան մրցանակի դափնեկիր կնոջ դեղագիտության աշխարհը լրիվ ուրիշ կլիներ: Չէին ստեղծվի մալարիայի, հերպեսի և հոդատապի դեմ դեղերը: Չէր լինի նաև սակավարյունության դեմ պայքարող դեղորայքը: Չէին հայտնաբերի ազիդոտիմիցինը՝ ՁԻԱՀ-ը կանխող դեղորայքը: Արդարության համար հարկ է նշել, որ այդ դեղերի մեծ մասը Գերտրուդան հայտնաբերել և փորձարկել է տղամարդ գիտնականների հետ համահեղինակային իրավունքով:

5.Բարբարա Մաք-Քլինթոկը հայտնաբերել է շարժական գեները

Բարբարան իր ամբողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է եգիպտացորենը, ինչի համար գիտական հանրույթը նրան աննորմալ է համարել: Նրան անվանել են խելագար Բարբարա: Սակայն կինն ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ուսումնասիրել եգիպտացորենը: Մի անգամ նա հայտնաբերել է, որ բանջարեղենի ԴՆԹ-ի մեջ կան թռչող գեներ, ինչի մասին հայտնել է գործընկերներին: 30 տարի նրան ոչ ոք չի հավատացել: Եվ միայն 1980-ականների սկզբներին, շնորհիվ տեխնոլոգիաների զարգացման, գիտնականները պարզեցին, որ թռչող գեները՝ տրանսպոսոնները, իրականում գոյություն ունեն: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ մարդկային ԴՆԹ-ի կեսն այդպիսի գեներ են, իսկ Բարբարային շնորհեցին Նոբելյան մրցանակ: Դրանից հետո մարդիկ արձանագրել են ավելի քան 100 մարդկային հիվանդություն, որի պատճառը կարող են լինել շարժական գեները՝ թոքերի քաղցկեղ, մանկական աուտիզմ, տղամարդկային անպտղություն:

6.Նեթթի Սթիվենսը հայտնաբերել է սեռական քրոմոսոմները

Սթիվենսը դեռևս անցած դարի սկզբում առաջին անգամ գրել է, որ քրոմոսոմները լինում են տղամարդկային և կանացի:

Բացահայտումը հաճախ վերագրում են նրա ուսուցչին՝ Էդմունդ Ուիլսոնին, ով նրանից անկախ իրականացրել է նման հետազոտություններ: Սակայն Նեթթին է առաջին անգամ հայտնաբերել, որ կանայք ունեն երկու մեծ ХХ-քրոմոսոմներ, և հենց նա է հայտնաբերել Y-քրոմոսոմը բզեզի մոտ: Նրա բացահայտման ազդեցության տակ Ուիլսոնը խմբագրել է իր աշխատանքը, իսկ Նեթթի Սթիվենսը պաշտոնապես դարձել է առաջին կին ծագումնաբանը:

7.Ջեյմս Բարրին հայտնագործել է կեսարյան հատումը

19-րդ դարում կնոջ համար անպարկեշտություն էր գիտությամբ զբաղվելը: Ի՞նչ կարող էր այդ դեպքում անել այն աղջիկը, ով որոշել էր իր կյանքը բժշկությանը նվիրել. ձևացնել, որ տղամարդ է, ընդունվել բժշկության ֆակուլտետ որպես տղամարդ և ամբողջ կյանքում աշխատել տղամարդու անվան տակ. հենց այդպես էլ արել է Մարգարեթ Էն Բաքլին:

Ջեյմսն աշխատել է որպես վիրաբույժ Քեյփթաունի անգլիական գաղութում, զարգացրել է բժշկությունը, պայքարել է համաճարակների դեմ, հեռավոր գյուղերին դեղորայք է հասցրել և Աֆրիկայում անցկացրել է առաջին կեսարյան հատումն ու փրկել է մոր և երեխայի կյանքը: Այն մասին, որ Ջեյմսն իրականում կին է եղել, իմացել են միայն նրա մահից հետո:

8.Նատալյա Բեխտերևա. հայտնաբերել է «սխալների դետեկտորը»

Նատալյա Բեխտերևան մարդու ուղեղում հայտնաբերել է մեխանիզմ, որն անվանել է «սխալների դետեկտոր»: Հասկանալու համար, թե ինչպես է այն աշխատում, հիշեք զգացմունքները. դուք դուրս եք գալիս բնակարանից, սակայն հանկարծ այնպիսի զգացում եք ունենում, որ ինչ-որ բան այն չէ: Դուք վերադառնում եք տուն և նկատում եք, որ մոռացել եք արդուկն անջատել կամ փակել ծորակը: «Ինչ-որ բան այն չլինելու» զգացումը հենց «սխալների դետեկտորն» է:

«Դետեկտորի» աշխատանքի խանգարումները կարող են հանգեցնել լուրջ հիվանդությունների և հոգեկան խանգարումների: Ասենք, եթե մարդը կոտրել է իր աջ ձեռքը, նա սկսում է աշխատեցնել միայն ձախ ձեռքը: Եվ գիպսը հանելուց հետո նա շարունակում է աշխատեցնել ձախ ձեռքը, որովհետև «դետեկտորն» իրեն ասում է, որ այդպես ճիշտ է: Նման վիճակ է նաև թմրամոլության ժամանակ: Մարդը հասկանում է, որ դա սխալ է, սակայն չի կարող հաղթահարել «դետեկտորին»:

Այդ մեխանիզմի վրա կարելի է ազդել էլեկտրական հոսանքի միջոցով: Բեխտերևան ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդկային ուղեղի մեջ էլեկտրոդներ է տեղադրել: Հիմա այն կիրառվում է Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի, թմրամոլության և շատ այլ վտանգավոր հիվանդությունների բուժման ժամանակ:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝