7 կանայք, ովքեր հաղթահարել են կրծքագեղձի քաղցկեղը

shutterstock_335519219

Կաթնագեղձի քաղցկեղն ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Չնայած այն հանգամանքին, որ այս չարորակ ուռուցքը բավականին ուսումնասիրված է ու վաղ փուլերում համարվում է բուժելի, կրծքի քաղցկեղի մահացության դեպքերը բավականին մեծ են: Սակայն ամեն դեպքում, որքան էլ դժվար լինի պայքարն այդ հիվանդության դեմ, քաղցկեղը դատավճիռ չէ: 7 կանայք դա ապացուցել են իրենց օրինակով:

1.Քայլի Մինոուգ

Ավստրալացի երգչուհուն կրծքի քաղցկեղ ախտորոշեցին 2005թ.-ին, համաշխարհային շրջագայության ժամանակ: Նա ստիպված եղավ չեղարկել բոլոր ծրագրած համերգները եւ սկսել քիմիաթերապիայի կուրսը: Երկրպագուները տարբեր կերպ աջակցեցին երգչուհուն, ոմանք տոմսերը հետ չվերադարձրեցին, իսկ ոմանք էլ գումարները փոխանցեցին ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի հիմնադրամին:

Հաղթահարելով հիվանդությունը՝ Քայլին չի դադարել պայքարը. նա հիմնել է բարեգործական հիմնադրամ, գրել է գիրք եւ կոչ է անում կանանց պարբերաբար հետազոտվել:

2.Դարյա Դոնցովա

Գրողի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է վերջին փուլում, բժիշկը Դարյային ուղղակիորեն հայտնեց, որ նրան մնացել է ապրելու մի քանի ամիս: Սակայն Դոնցովան հաղթահարեց: Բուժման ընթացքում նա ստիպված էր տանել 18 վիրահատություն, ճառագայթման եւ քիմիաթերապիայի մի քանի կուրսեր: Նա դարձավ կենդանի ապացույց այն բանի, որ այդ սարսափելի հիվանդությունը հնարավոր է հաղթահարել, նույնիսկ երբ իրավիճակն անհուսալի է: Այսօր Դարյան համարվում է «Միասին ընդդեմ քաղցկեղի» ծրագրի պաշտոնական դեսպանը:

3.Սինտիա Նիքսոն

«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի մեջ կրծքի քաղցկեղ հայտնաբերում են Սամանթայի մոտ, սակայն իրական կյանքում այդ հիվանդության հետ բախվում է Սինտիա Նիքսոնը, ով խաղում էր Միրանդայի կերպարը: Սկզբում նա թաքցնում էր հիվանդությունը, որպեսզի խուսափի պապարացիներից, սակայն քիմիաթերապիա անցնելուց հետո նա Good Morning America հաղորդման ժամանակ բացահայտ խոսեց այդ մասին եւ սկսեց դուրս գալ առանց կեղծամի: Բարեբախտաբար Սինտիայի մոտ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերվեց, եւ հիմա նա ամբողջովին առողջ է:

4.Լայմա Վայկուլե

1991թ.-ին երգչուհուն հայտնի դարձավ, որ նա շտապ վիրահատության կարիք ունի, հակառակ դեպքում, ըստ բժիշկների, Լայման կմահանար: Նույնիսկ վիրահատական միջամտությունից հետո բժիշկները Վայկուլեի ապաքինման շանսերը բավականին հոռետեսական էին գնահատում. միայն 20 տոկոս հավանականություն կար ապաքինվելու: «Երբ ձեզ կասեն՝ մահանալը վախենալու չէ, մի՛ հավատացեք: Դա սարսափելի է, ես անցել եմ դրա միջով»,- ասել է նա իր հարցազրույցներից մեկում: Սակայն չնայած ամեն ինչին, երգչուհին հաղթահարեց:

5.Անջելինա Ջոլի

Այս հայտնի դերասանուհին հիվանդությունը հաղթահարել է բավականին անսովոր՝ կանխարգելիչ ձեւով: Նրա մոտ երբեք կրծքի քաղցկեղ չի հայտնաբերվել, սակայն կանխարգելման համար նա համաձայնել է վիրահատել կաթնագեղձը: Պատճառն այն է, որ նրա մայրը եւ մորաքույրը մահացել են քաղցկեղից, եւ վատ ժառանգականության պատճառով դերասանուհու մոտ հիվանդանալու հավանականությունը 87 տոկոս էր: Վիրահատությունից հետո հավանականությունը նվազել է մինչեւ 5 տոկոս: Ջոլին խոստովանել է, որ ինքը դա արել է հանուն իր երեխաների, քանի որ վախենում է, որ նրանք առանց մայր կմնան:

6.Անեսթեյշա

Անեսթեյշային երկու անգամ են սարսափելի ախտորոշում տվել: 2003թ.-ի հունվարին, երբ երգչուհին ցանկանում էր փոքրացնել կուրծքը մեջքի հետ կապված խնդիրների պատճառով, մամոգրաֆիան ցույց տվեց, որ նա քաղցկեղ ունի: Առաջին անգամ իմանալով հիվանդության մասին՝ նա հայտնեց լրատվամիջոցներին, որ թույլ չի տա ուռուցքին հաղթել իրեն: Այդպես էլ եղավ. երգչուհին ապաքինվեց եւ ձայնագրեց Anastacia ալբոմը: 10 տարի անց նա կրկին հիվանդացավ: Ուռուցքը մեծ չէր, սակայն երգչուհին որոշեց վերջնականապես իրեն պաշտպանել, դրա համար նա որոշեց հեռացնել կաթնագեղձերը: Հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ ուռուցքի վաղ բացահայտումը նրա կյանքը երկու անգամ փրկել է. «Ես շարունակելու եմ պայքարել եւ երգել»:

7.Մեգի Սմիթ

Օսկարակիր Մեգի Սմիթը, ով հայտնի է բոլորին Հարի Փոթերի մասին ֆիլմում պրոֆեսոր Մաքգոնագալի դերով, իր հիվանդության մասին իմացավ ֆիլմի նկարահանումներից կարճ ժամանակ առաջ: Մեգին ստիպված էր համատեղել նկարահանումները քիմիաթերապիայի հետ: Բուժման հետեւանքով նրա մազերը թափվեցին, բացի այդ, նա անընդհատ գլխացավեր եւ սրտխառնոց ուներ: Սակայն չնայած նույնիսկ վատ ինքնազգացողությանը, Մեգին չհրաժարվեց նկարահանումներից: Այդ ժամանակ նա ասում էր. «Այս հիվանդությունը խաթարել է իմ բնականոն կյանքը, իմ բոլոր կենսական ռեսուրսները սպառվել են: Ես չգիտեմ՝ ես երբեւէ կվերադառնա՞մ նորից բեմ: Ինձ թվում է, որ ես կորցրել եմ իմ մեջ վստահությունը որպես դերասանուհի: Ֆիլմի նկարահանումները նույնպես հոգնեցնող են, սակայն հոգեպես դրանք ավելի հեշտ է հաղթահարել»: Հիմա Սմիթը լիովին առողջ է:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝