Հիգիենայի 7 անարդյունավետ կանոններ

shutterstock_317682563

1.Լվանում եք բաժակն ամեն օր

Եթե դուք միակն եք, ով օգտվում է այդ բաժակից, ապա անընդհատ լվանալն ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ, այդպիսի կարծիք է հայտնել ինֆեկցիոն հիվանդությունների փորձագետ եւ մանկաբուժության պրոֆեսոր Ջեֆրի Սթարկը: Դա հատկապես արդիական է գրասենյակների համար, քանի որ ընդհանուր խոհանոցի սպունգները, որպես կանոն, մեզ համար գաղտնիք են մնում: Ո՞վ եւ ի՞նչ է լվացել ձեզանից առաջ, ինչպիսի՞ մանրէներ կան դրանց վրա: Եթե դուք չունեք այդ հարցերի պատասխանը, ապա ավելի լավ է չլվանաք. աման լվանալու սպունգը կատարյալ միջավայր է բակտերիաների բազմացման համար:

2. Ձեռք չեք տալիս դռան բռնակին, երբ մտնում եք հանրային զուգարան

Համարենք, որ կեղտոտ բռնակից վարակվելու վտանգից դուք խուսափել եք, իսկ հետո՞: Ինչպե՞ս փակել դուռը կամ վերցնել թուղթը: Ամեն դեպքում, ինչ-որ բանի անպայման պետք է ձեռք տալ: Այնպես որ, ավելի ճիշտ կլինի դուրս գալուց ձեռքերը մանրակրկիտ լվանալ:

3. Պահում եք շնչառությունը, երբ ինչ-որ մեկը փռշտում կամ հազում է

Դա կօգնի, եթե դուք պահեք շնչառությունը եւ անմիջապես վազեք հիվանդի հակառակ ուղղությամբ: Կամ կարողանաք չշնչել 10 րոպե, քանի որ թքի եւ լորձի մեջ առկա խառնուրդն օդում մնում է ավելի շատ, քան դուք կկարողանաք մնալ առանց թթվածնի:
Ավելի ճիշտ կլինի ձեռքերով դեմքին չդիպչել հանրային վայրերում:

4.Ձեռքերը լվանում եք պինդ օճառով

Անընդհատ խոնավ լինելու պատճառով օճառի վրա կարող է լինել աղիքային ցուպիկ, ստաֆիլակոկ եւ այլ բակտերիաներ: Օգտագործեք հեղուկ օճառ, այն ավելի անվտանգ է:

5. Օգտագործում եք ձեռքերը չորացնող էլեկտրական սարք

Գիտնականների հաշվարկով՝ նման սարքերի շուրջ օդում վնասակար բակտերիաները 27 անգամ ավելի շատ են, քան թղթե սրբիչների շուրջ: Տաք օդի շիթերը բակտերիաները տարածում են թե նրանց վրա, ովքեր օգտվում են չորացնող սարքից, եւ թե նրանց վրա, ովքեր մոտ են կանգնած: «Ամեն անգամ, երբ դուք որոշում եք չորացնել ձեր ձեռքերը հանրային զուգարանում էլեկտրական չորացնող սարքի միջոցով, հնարավոր է՝ դուք ինքներդ դա չցանկանալով, օգնում եք, որ բակտերիաները տարածվեն ձեր շուրջը»,- մեկնաբանում է պրոֆեսոր Մարկ Ուիլկոքսը:

6. Սրբում եք ուրիշի բաժակի կափարիչը կամ շիշը

Թքի մնացորդներն ամեն դեպքում արդեն ըմպելիքի մեջն են, եւ որքան էլ որ դուք սրբեք շիշը, բակտերիաներից հնարավոր չէ ազատվել: Ավելին, երբ այդ գործողությունն իրականացնում եք կեղտոտ ձեռքերով կամ ձեր զգեստի ծայրով, ապա եւս մի քանի միլիոն միկրոօրգանիզմներ հայտնվում են այդ ամանի, այնուհետեւ ձեր բերանի մեջ:

7. Հետեւում եք «հինգ վայրկյանի կանոնին»

Որոշ մեծահասակներ մինչեւ հիմա անկեղծ հավատում են, որ գետնին ընկած սննդի վրա, որը հինգ վայրկյանից քիչ է մնացել գետնին, չեն հասցրել հայտնվել բակտերիաներ: Կլեմսոնի համալսարանի գիտնականները հայտնում են, որ 99 տոկոս միկրոօրգանիզմները հայտնվում են սննդի վրա այն պահին, երբ այն դիպչում է գետնին: «Հինգ վայրկյանի կանոնը պետք է դառնա զրո վայրկյանի կանոն»,- ասում է ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Ռոյ Գալիկը:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝