Կոսմետիկ միջոցների ամենավնասակար բաղադրիչները. Chemist’s Corner

pomada

Պարաբենները հաճախակի օգտագործվող այն կոնսերվանտներն են, որոնք նախատեսված են դադարեցնել սնկերի եւ բակտերիաների աճը: Այս նյութերն արդեն բավական երկար ժամանակ հանդիսանում են շատ կոսմետիկ արտադրանքների բաղադրիչ՝ կարծես թե ապացուցելով իրենց անվտանգությունը: Սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ պարաբենները կարող են ոչնչացնել հորմոնները, իսկ դա իր հերթին դեպի կրծքի քաղցկեղ եւ սրտի խնդիրներ տանող ուղիղ ճանապարհն է: Իսկապես, կան գիտական ուսումնասիրություններ, որոնք հայտնաբերել են պարաբենների առկայությունը կրծքի ուռուցքների մեջ: Այլ տվյալներ ցույց են տվել, որ պարաբենները կարող են ազդել էստրոգենների վրա, որն էլ նպաստում է քաղցկեղի առաջացմանը: Եղել են ուսումնասիրություններ, որոնք հաստատել են նաեւ մեթիլպարաբենի պատճառով մաշկի արագ ծերացումը:

Ֆորմալին եւ դիազոդինիլ. սրանց հաճախ կոչում են ֆորմալդեհիդի դոնորներ: Բանն այն է, որ քիմիական ռեակցիայի ընթացքում հենց այս նյութերն են տալիս ֆորմալդեհիդի իոններ: Այսօր այս բաղադրիչը բավականին սարսափելի համբավ ունի, քանզի առաջացնում է մաշկի գրգռում, գեների մուտացիա, քաղցկեղ: Բայց պետք է տարբերակել ֆորմալդեհիդի դոնորները հենց իրենից: Դրանց քանակը կոսմետիկ միջոցների մեջ կարգավորված է ապահովելու անվտանգ օգտագործումը, նույնիսկ նրանց համար, ովքեր ունեն շատ զգայուն մաշկ: Սակայն ալերգիկ հակվածություն ունեցողների մոտ այն ամեն դեպքում կարող է հանգեցնել դերմատիտի` մաշկաբորբի զարգացման:

Տրիկլոզանը հայտնի դարձավ գովազդատուների շնորհիվ, ովքեր «լուսավորեցին» այն հակաբակտերիալ օճառի գովազդում: Հիմա բոլորն էլ գիտեն, որ նման հակաբակտերիալ նյութ պարունակվում է սովորական եւ հեղուկ օճառներում, դեզոդորանտներում եւ ատամի մածուկներում: Սակայն հայտնվեցին որոշ պնդումներ այն մասին, որ տրիկլոզանը բավական թունավոր նյութ է եւ հորմոնալ համակարգի վրա որոշակի ազդեցություն է թողնում, նաեւ հանգեցնում է քրոնիկ հիվանդությունների եւ նորածինների շեղումների առաջացմանը, վնասում է երիկամները, փայծաղը եւ այլն: Այս թեմայի շուրջ իրականացվեցին մի շարք անկախ ուսումնասիրություններ, որոնք հստակ եզրակացության չեկան: Այսօր տրիկլոզանի մասին տեղեկատվության մեջ ասվում է, որ չկա գիտական հիմք` այս նյութը պարունակող արտադրանքն օգտագործելու առաջարկությունները չեղյալ հայտարարելու համար: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տրիկլոզանը քլորացված ջրի հետ ռեակցիաների արդյունքում կարող է տալ ածանցյալներ, որոնք ի վերջո փոխակերպվում են դիօքսինների: Չնայած դրանց քանակը փոքր է, սակայն գիտական աշխարհում այն մտահոգությունների առիթ է հանդիսանում: Քանի որ որոշ դիօքսիններ չափազանց թունավոր են եւ բացասական հետեւանք կարող են ունենալ մարդու էնդոկրին համակարգի վրա:

Նատրիումի լաուրիլսուլֆատը գրեթե բոլոր մաքրող նյութերի առանցքային տարրն է: Պարունակվում է շամպունների, լոգանքի գելերի եւ նույնիսկ ատամի մածուկի մեջ: Այն կոսմետիկ արդյունաբերության «ամենակասկածելի» նյութերից մեկն է: Ինտերնետում հեշտությամբ կարելի է գտնել տեղեկատվություն այս նյութի վտանգավորության մասին, ընդհուպ այն կարող է նպաստել մազերի կորստին, առաջացնել քաղցկեղ եւ այլն: Իսկ գիտությունը զգուշորեն կարծում է, որ նատրիումի լաուրիլսուլֆատը կարող է իրականում հանգեցնել մաշկի գրգռման: Իրականացված մանրամասն ուսումնասիրություններից պարզվել է, որ այս արտաքուստ ակտիվ նյութը կենդանիների եւ որոշ մարդկանց մոտ ի վերջո հանգեցնում է աչքի գրգռման:

Դիէթանոլամինը դասվում է որպես երկրորդային արտաքուստ ակտիվ նյութ: Այն ավելացվում է կոսմետիկ արտադրանքի մեջ՝ փրփուրներ ստանալու համար: 1998 թվականին ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ դիէթանոլամինի եւ նրա ածանցյալների առկայությունը լաբորատոր կենդանիների մաշկի վրա քաղցկեղի պատճառ են դարձել: Սակայն, ըստ էության, այս նյութի մասնակցությամբ «քաղցկեղածին տենդը» ոչ մի լուրջ գիտական հիմնավորում չունի:

Վազելինն ավանդաբար գտնվում է կարգավորող մարմինների ուշադրության կենտրոնում, քանի որ այն բաղկացած է հանքային յուղերի եւ պինդ պարաֆինային ածխաջրածինների խառնուրդից: Մամուլում հնչում են մեղադրանքներ, որ վազելինը եւս առաջացնում է քաղցկեղ: Պատահական չէ, որ ԵՄ-ում այս բաղադրիչը սովորաբար արգելվում է, բայց ոչ կոսմետիկայում: Սակայն FDA-ն կարծում է, որ այս բաղադրիչն անվտանգ է:

Հանքային յուղը վատ համբավ ունի օրգանիկ արտադրողների շրջանում: Պատճառը դրա քաղցկեղածիններով աղտոտված լինելն է, որը չորացնում է մաշկը, նպաստում վերջինիս շուտ ծերացմանը` վիտամինազրկելով այն: Սակայն գիտական հոդվածներն այս բոլոր մեղադրանքները հերքում են:

Պրոպիլենգլիկոլը հայտնի խոնավեցնող է: Մտավախության պատճառն այն տեղեկատվությունն է, որ պրոպիլենգլիկոլը թափանցում է մաշկի սպիտակուցների մեջ եւ ոչնչացնում դրանք: Սակայն FDA-ն այս նյութին տվել է Gras կարգավիճակ, ինչը նշանակում է, որ այն անվտանգ է, նույնիսկ որպես սնունդ:

Բուրավետիչներն ավելացվում են կոսմետիկայի մեջ, որպեսզի ավելի լավ բուրեն եւ հետեւաբար լավ վաճառվեն: Բուրավետիչներն ասոցացվում են ալերգիկ ռեակցիաների հետ. գլխացավի, մաշկի ցանի, հազի եւ գրգռման պատճառ են դառնում: Ենթադրվում է, որ այդ անուշաբույր նյութերն ազդում են նյարդային համակարգի վրա՝ պատճառելով ընկճախտ: Գիտական հետազոտությունները հաստատել են անուշաբույր նյութերի ալերգիկ լինելը:

Գունանյութերի արհեստական ծագումը ենթադրում է դրանց քաղցկեղածին լինելը: Գիտությունը պատասխանում է, որ գունանյութերը կոսմետիկ բոլոր բաղադրիչների մեջ ամենախիստ վերահսկվողներն են:

Պոլիէթիլեն գլիկոլը, ինչպես եւ հանքային յուղը, ստացվում է նավթից, ուստի եւ նրա քաղցկեղածին լինելը եւս շահարկումների առիթ է դարձել: Սակայն գիտնականները, քննելով բոլոր մատչելի տեղեկություններն այս նյութի վերաբերյալ, հստակ եզրակացրել են, որ դրա անվտանգության շուրջ մտահոգություններ չպետք է լինեն:

Տալկի վերաբերյալ հիմնական բողոքի պատճառը ձվարանների քաղցկեղի հետ հնարավոր կապն է: Սակայն առավել մանրամասն ուսումնասիրություններից պարզվել է, որ տալկն անվտանգ է, իսկ FDA-ի կողմից այն ստացել է Gras կարգավիճակ:

Տիգրան Գասաբյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>