Նոր էլեկտրոնային մաշկը մարդուն գերհնարավորություններ կշնորհի

22

Շատ հաճախ ֆանտաստիկ ֆիլմերում մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են գիտնականները բարձր տեխնոլոգիաների միջոցով ստեղծում նյութեր, որոնք մարդուն օժտում են գերհնարավորություններով: Դա կարող է անհավանական թվալ, սակայն գերմանացի հետազոտողների խումբն իրականում կարողացել է նման արդյունքի հասնել: Թեեւ փորձագետներին չի հաջողվել Թոնի Սթարքի հնարավորություններին հասնել, այնուամենայնիվ նրանք կարողացել են մարդուն օժտել այնպիսի հնարավորություններով, որ նա առանց սմարթֆոնի եւ այլ նավիգացիոն սարքավորման հեշտությամբ կարող է կողմնորոշվել տեղանքում: Եվ դա կարող է անել շնորհիվ հատուկ էլեկտրոնային մաշկի:

Հետազոտողները Դրեզդենի Հելմհոլցի անվան կենտրոնից են: Նրանք իրենց մշակումն անվանել են «կողմնացույցի բիոնիկ նմանօրինակ»:  Դա իրենից ներկայացնում է ընդամենը միլիմետրի մեկ հազարերորդական մասը կազմող արծաթագույն պոլիմեր, որն ունակ է որսալ Երկրի մագնիսական դաշտը: Հետազոտող Գիլբերտ Սանտյագո Բերմուդեզը նշում է. «Ժապավենը հագեցած է սենսորներով, որոնք մարդուն հնարավորություն են տալիս մշտապես կողմնորոշվել տարածության մեջ»:

Փորձարկումների ժամանակ տեխնոլոգիան ցույց է տվել իր արդյունավետությունը: Էլեկտրոնային մաշկն ամրացրել են մարդու մատին, ով բաց տարածության մեջ պետք է ընթանար կոնկրետ երթուղով:  Նա պետք է սկզբից շարժվեր դեպի հյուսիս, ապա արեւմուտք, հարավ, հետո պետք է գնար դեպի արեւելք՝ մեկնարկային կետ: Ի դեպ, երթուղին ոլորապտույտ է եղել, եւ հնարավոր է եղել կողմնորոշվել միայն սենսորների օգնությամբ: Փորձարկումը գերազանց է անցել:

Նման «տեղագրական գերհնարավորությունը» կարող է օգտակար լինել ոչ միայն ճանապարհորդությունների ժամանակ, այլեւ բժշկական պրակտիկայում այն մարդկանց համար, ովքեր տարածությունում ապակողմնորոշման խնդիրներ ունեն:

Աղբյուր՝ hi-news.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝