Յոդի պակասի վտանգներն օրգանիզմի համար

shutterstock_1006728637

Հիպոթիրեոզը մի իրավիճակ է, որի ժամանակ վահանաձեւ գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ: Առավել հաճախ այն առաջանում է կանանց մոտ, հատկապես 60-ից բարձր տարիքով կանանց մոտ: Հիպոթիրեոզը խախտում է օրգանիզմի քիմիական ռեակցիաների բնական հավասարակշռությունը: Վաղ շրջանում սովորաբար ախտանիշներ չեն արտահայտվում, սակայն ժամանակի ընթացքում բուժման բացակայության դեպքում այն կարող է հանգեցնել առողջական մի շարք խնդիրների: Նախանշանները տարբեր են՝ կախված վահանաձեւ գեղձի հորմոնների պակասի աստիճանից: Հիվանդության վաղ փուլում ախտանիշները կրում են ոչ սպեցիֆիկ բնույթ եւ ներառում են հոգնածությունը, քաշի ավելացումը, որոնք մարդիկ հաճախ կապում են տարիքի հետ: Սակայն որքան դանդաղում է նյութափոխանակությունը, այնքան ավելի են արտահայտվում հիվանդության ախտանիշները:

Յոդի ավելցուկի վտանգավորությունը

Յոդի օրական չափաբաժինը 50-60 մկգ է, դա հավասար է 0,000050 գր.-ի: Յոդի 5 տոկոսանոց լուծույթում 5 գր յոդ կա, այսինքն՝ 1 մլն անգամ ավելի շատ, քան օրական չափաբաժինը: Արդյունքում, յոդի ավելցուկի դեպքում հնարավոր է լուրջ հիվանդություններ ձեռք բերել, օրինակ՝ վահանաձեւ գեղձի արգելափակում, յոդիզմ, թիրեոտոքսիկոզ:

Կովի 100 մլ կաթի մեջ կա 50 մկգ յոդ: Դա 100 տոկոս օրական չափաբաժինն է:

Յոդի պակասը կարող է առաջացնել այտուցվածություն:

Այտուցվածությունը յոդի պակասի հիմնական ախտանիշն է: Առավել հաճախ հանդիպում է աչքերի այտուցվածությունը, նաեւ կարող է նկատվել ոտքերի եւ ձեռքերի շրջանում այտուցվածություն: Պաթոլոգիական վիճակը բնութագրվում է օրգանների եւ համակարգերի գործունեությունը կարգավորող հորմոնների արտադրության նվազումով: Վահանաձեւ գեղձի հորմոնները պատասխանատու են հյուսվածքների թթվածնով ապահովման համար: Բջջային շնչառության խախտումը հանգեցնում է այտուցվածության առաջացման: Սկզբնական շրջանում այտուցվածությունն առաջանում է ոտքերի շրջանում ծանր աշխատանքային օրվանից հետո, սակայն հետո այտուցվածությունն առաջանում է ջերմաստիճանային ցանկացած փոփոխությունների արդյունքում: Միզամուղ դեղորայքների օգտագործման արդյունավետությունը թույլ է:

Յոդի պակասը հանգեցնում է մազաթափության

Վահանաձեւ գեղձի հորմոններն օգնում են վերահսկել մազերի ֆոլիկուլների աճը: Երբ վահանաձեւ գեղձի հորմոնների մակարդակը նվազում է, մազային ֆոլիկուլները դադարում են վերականգնվել: Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել մազաթափության: Յոդի պակասը բնութագրվում է նաեւ բջիջների նյութափոխանակության դանդաղումով, ինչի հետեւանքով ֆոլիկուլները չեն ստանում բավարար քանակության սննդարար նյութեր, եւ մազերը սկսում են թափվել:

Յոդի պակասը կարող է հանգեցնել մաշկի չորության

Հույն գիտնականների հետազոտությունը, որն անցկացվել է 437 մարդու հետ, ցույց է տվել, որ մարդկանց 77 տոկոսի մոտ վահանաձեւ գեղձի հորմոնների ցածր մակարդակը կարող է առաջացնել մաշկի չորություն եւ թեփոտվածություն:

Վահանաձեւ գեղձի հորմոնները, որոնք պարունակում են յոդ, օգնում են մաշկի բջիջներին վերականգնվել: Երբ հորմոնների մակարդակը նվազում է, այդ վերականգնումը տեղի չի ունենում, ինչն էլ կարող է հանգեցնել մաշկի չորության եւ թեփոտվածության: Բացի այդ, թիրեոիդային հորմոններն օգնում են կարգավորել քրտնարտադրությունը: Վահանաձեւ գեղձի հորմոնների ցածր մակարդակ ունեցող մարդիկ, որպես կանոն, ավելի քիչ են քրտնում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրտինքն օգնում է մաշկը խոնավ պահելուն, քրտինքի բացակայությունը մաշկի չորության եւս մեկ պատճառ է:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝