Դիետիկ մոտեցում հիպերտոնիայի բուժմանը

shutterstock_397272412

Առողջ սնունդը զարկերակային բարձր ճնշումը նվազեցնելու, այդ թվում նաեւ ավելորդ քաշից ազատվելու բանալին է:

Այնպիսի սննդարար նյութեր, ինչպիսիք են կալիումը, կալցիումը, սպիտակուցը եւ բջջանյութը, շատ կարեւոր են բարձր զարկերակային ճնշումը կանխելու կամ դրա դեմ պայքարելու համար: Պետք չէ փնտրել դրանցից յուրաքանչյուրն առանձին, անհրաժեշտ է կենտրոնանալ այն մթերքների վրա, որոնց օգտակարության մասին ձեզ միշտ ասել են, փորձեք խուսափել այն մթերքներից, որոնք սովորաբար ուտում եք, եւ մի չարաշահեք աղը:

Ինչպե՞ս է աշխատում DASH-դիետան

Սրտի, թոքերի եւ արյան հիվանդությունների Ազգային ինստիտուտը, որի մասնակցությամբ է մշակվել այս դիետան, հրապարակել է սննդակարգին հետեւելու ուղեցույց: Այդ ուղեցույցում նշված է, թե որքան կալորիա է անհրաժեշտ ձեր տարիքում, ձեր ակտիվության մակարդակում, որտեղից կարելի է ստանալ այդ կալորիաները, ինչպես նաեւ հիշեցում աղի սահմանափակման մասին:

2000 կկալ դիետայի ժամանակ կարելի է ամեն օր ուտել 6-8 բաժին հացահատիկ, 4-5 բաժին միրգ եւ բանջարեղեն, 2-3 բաժին անյուղ կաթնամթերք, 6 կամ պակաս բաժին ոչ շատ յուղոտ միս, թռչնամիս եւ ձուկ: Մեկ բաժինը հավասար է 30գր-ի: Շաբաթվա մեջ կարելի է ուտել 5 կամ պակաս բաժին ընկույզ, լոբի, 2-3 բաժին յուղ, 5 կամ պակաս բաժին քաղցր: DASH-դիետան ենթադրում է նատրիումի սահմանափակում մինչեւ 2300մգ օրական եւ դրա օգտագործման աստիճանական նվազում մինչեւ 1500մգ:

DASH-դիետան շեշտը դնում է օգտակար մթերքների վրա, որոնց շնորհիվ հնարավոր է կարգավորել ոչ միայն ընդհանուր առողջական վիճակը, այլ նաեւ նիհարել:

Ի՞նչ կարելի է ուտել

Ձվածեղ

Արագ եւ սննդարար նախաճաշ պատրաստելու համար պետք է խառնել ձուն, կանաչ սոխը եւ չեդդեր տեսակի պանիրը, ցանկության դեպքում կարելի է ավելացնել բանջարեղեն, օրինակ  սպանախ կամ ծնեբեկ:

Հավի մսով եւ աղցանով սենդվիչ

Հացի կտորի վրա դրեք հազարի տերեւ, լոլիկ, մի կտոր հավի միս, վրան մանանեխ քսեք, այնուհետեւ նորից բանջարեղեն եւ վրան եւս մեկ հացի կտոր:

Բանջարեղենային ապուր

Այս ապուրը կարելի է պատրաստել ցանկացած բանջարեղենով՝ լոլիկ, գազար, նեխուր, ինչպես նաեւ կարմիր լոբի եւ ոլոռ, կարելի է ավելացնել նաեւ մակարոնեղեն եւ ուտել ընթրիքի ժամանակ:

Յոգուրտ

Արագ նախաճաշի համար կարելի է օգտագործել անյուղ յոգուրտ առանց շաքարավազի: Ամենաօգտակար յոգուրտը, որը պարունակում է մեծ քանակության սպիտակուց, հունական յոգուրտն է, որի մեջ կարելի է նաեւ թարմ մրգեր ավելացնել:

Հավով եւ հատապտուղներով աղցան

Ճաշի ժամանակ կարելի է պատրաստել աղցան կանաչ տերեւներով եւ տապակած հավի մսով ու ելակով՝ ավելացնելով ձեթ եւ քացախ:

Խոզի ֆիլե ասիական ձեւով

Տապակել ֆիլեն, ավելացնել քունջութի սերմ, համեմ, մանր կտրատած սոխ եւ այլ անուշահոտ համեմունքներ: Կարելի է մատուցել շոգեխաշած ոլոռի հետ:

Խնձոր տնական պանրով

Հիանալի միտք է նախաճաշիկի համար. կտրատել խնձորը, վերցնել մեկ բանկա փափուկ յուղազրկված պանիր, ավելացնել նարնջի հյութ, գետնանուշ, վանիլային կամ շագանակագույն շաքարավազ:

Բանանաելակային կոկտեյլ սոյայի կաթով

Հիանալի ըմպելիք է ինչպես առավոտյան նախաճաշի համար, այնպես էլ երեկոյան ընթրիքի:

Այս ամենն ավելի հեշտությամբ է ձեռք բերվում, քան վերամշակված մթերքները, որոնք մեծ քանակության յուղ եւ շաքար են պարունակում:

Հնարավո՞ր է արդյոք նիհարել

Այո, կանոններին հետեւելու դեպքում:

Թեեւ DASH-դիետան չի մշակվել նիհարելու համար, սակայն որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այդ դիետան նպաստում է նիհարելուն:

Հե՞շտ է հետեւել դիետային

Սիրելի մթերքներից հեշտությամբ չենք կարող հրաժարվել, սակայն DASH-դիետան չի սահմանափակում մթերքների ամբողջական խմբեր, այնպես որ, կարելի է փնտրել եւ գտնել այնպիսի մթերքներ, որոնք ընդունելի են ձեզ համար:

Առողջությունը եւ սնունդը

Շնորհիվ օգտակար եւ անվտանգ սննդակարգի՝ DASH-դիետան օգտագործում են բազմաթիվ հիվանդությունների բուժման եւ կանխարգելման համար: Դիետայում ներառված են տարատեսակ մթերքներ, այն միտված է սննդակարգում յուղի եւ աղի քանակը նվազեցնելուն:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝