Ինչպե՞ս պաշտպանվել բժշկական սխալներից

8365020436

Միայն ԱՄՆ-ում այդ պատճառով ամեն տարի մահանում են 44-ից 98 հազար մարդ՝ ավելի շատ, քան քաղցկեղի, ՁԻԱՀ-ի եւ ավտովթարների հետեւանքով մահացածները: Պատճառը բժշկական սխալն է:

Ախտորոշման, դեղերի նշանակման կամ վիրահատության ժամանակ թույլ տված սխալները կարող են հանգեցնել հիվանդի մահվան: Հիվանդին հոսպիտալացման ժամանակ, ում անհրաժեշտ է խիստ դիետա պահպանել, կերակրում են սովորական սնունդով: Բժշկի անընթեռնելի ձեռագրի պատճառով դեղատներում սխալ դեղորայք են տալիս: Վիրաբույժը առողջ ոտքն է վիրահատում: Շատերը վախենում են պառկել հիվանդանոց կամ գնալ բժշկի մոտ հենց այդ սխալների պատճառով:

Այդ խնդրի լուծումը կա, եւ այն մեր ձեռքերում է: Հիվանդը, ով իր վիճակի մասին տեղեկություններ է փնտրում, ավելի մեծ հնարավորություն ունի բուժվելու: Առողջապահական ժամանակակից համակարգը բավականին բարդ է, եւ հիվանդի ու բժշկի միջեւ լավ փոխհարաբերությունները շատ կարեւոր են արդյունավետ բուժման համար:

Իր հիվանդության մասին քիչ տեղեկացված հիվանդը դժվար թե կարողանա ակտիվորեն մասնակցել բուժման ընթացքին: Նման հիվանդը հաստատ չի հետեւելու բժշկի խորհուրդներին: Այդ պատճառով չափազանց կարեւոր է գտնել բժշկի, ում հետ դուք հարմարավետ կզգաք, ում կարելի է անհրաժեշտ հարցը տալ եւ ստանալ անհրաժեշտ բացատրությունները: Հիվանդներն, ովքեր հետեւում են իրենց բուժման ընթացքին, հազվադեպ են դառնում բժշկական սխալների զոհերը:

Ինչպե՞ս կանխել սխալները

♦ Ցուցաբերեք ակտիվություն եւ հետաքրքրվածություն: Փորձեք հասկանալ այն ամենը, ինչ վերաբերում է ձեր առողջությանն ու բուժմանը: Միայն գիտակցված, տեղեկացված որոշումը կտա ցանկալի արդյունքներ:

♦  Անպայման բժշկին ասեք բոլոր այն դեղերը, որոնք օգտագործում եք: Դա թույլ կտա բացառել սխալ նշանակումները: Որոշ դեղեր անհամադրելի են մյուսների հետ եւ կարող են թուլացնել կամ արագացնել այդ դեղերի ազդեցությունը:

♦ Բժշկին հայտնեք դեղերի հանդեպ ալերգիաների բոլոր դեպքերը, որոնք ունեցել եք: Հետաքրքրվեք նշանակված դեղով: Ճշտեք միջոցները եւ դրա օգտագործման տեւողությունը, կողմնակի ազդեցությունները եւ այլ դեղերի հետ հնարավոր համադրությունը:

♦ Հոսպիտալացման անհրաժեշտության դեպքում փորձեք գտնել մասնագիտացված հիվանդանոց: Որքան փորձառու է բժիշկը, այնքան ավելի մեծ է որակյալ բուժում ստանալու հավանականությունը: Հատկապես դա վերաբերում է վիրահատական միջամտությանը:

♦ Մի ամաչեք բուժաշխատողներին հիշեցնել ձեռքերի լվացման մասին: Դժբախտաբար, բժշիկները եւ բուժքույրերը դա պարբերաբար չեն անում: Հիվանդների զգոնությունը ստիպում է բուժաշխատողներին ավելի հաճախ ու մանրակրկիտ լվանալ ձեռքերը:

♦ Եթե անհրաժեշտ է ձեզ վիրահատել, ապա համոզվեք, որ եւ դուք, եւ ձեր բժիշկը, եւ վիրաբույժը վստահ եք վիրահատության անհրաժեշտության մեջ եւ հստակ պատկերացնում եք, թե հատկապես ինչ եք անելու: Դժբախտաբար առողջ վերջույթների եւ օրգանների վիրահատություն մինչեւ հիմա կատարվում է: Քանի դեռ ձեզ չեն անզգայացրել, հետաքրքրվեք բժիշկներից, թե ինչ են պատրաստվում վիրահատել:

♦ Մի վախեցեք խոսել այն մասին, թե ինչն է ձեզ հետաքրքրում եւ անհանգստացնում: Դուք իրավունք ունեք իմանալու այն ամենը, ինչ կապված է ձեր առողջության հետ:

♦ Գտնվելով հիվանդանոցում՝ համոզվեք, որ բուժող կամ հերթապահ բժիշկը հետեւում է ձեր բուժման ընթացքին: Դա հատկապես կարեւոր է, երբ դուք ոչ թե մեկ, այլ մի քանի հիվանդություն ունեք:

♦ Խնդրեք ընտանիքի անդամին կամ ընկերոջը ներկայացնել ձեր շահերը. սա անհրաժեշտ է այն դեպքում, երբ դուք ինքներդ չեք կարող դա անել:

♦ Հիշեք, որ «շատ» չի նշանակում «լավ»: Լրացուցիչ հետազոտության կամ դեղորայքի նշանակումը չի նշանակում, որ դրանք իրոք անհրաժեշտ են: Անպայման հարցրեք բժշկին, թե ինչու է նա դրանք նշանակել:

♦ Մի հավատացեք, որ նորությունների բացակայությունը լավ նորություն է: Եթե դուք անալիզ եք հանձնել, անպայման իմացեք արդյունքները:

♦ Տեղեկություն հավաքեք ձեր հիվանդության եւ բուժման մեթոդների մասին: Հարցրեք բժշկին եւ օգտագործեք այլ լրացուցիչ աղբյուրներ: Ճշտեք՝ համարվում է արդյոք նշանակված բուժումն ամենաարդյունավետ եւ ժամանակակից մեթոդը:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝