Ամուսնությունն օգտակար է առողջության համար

shutterstock_529386079

Համաձայն նոր հետազոտությունների՝ ամուսնությունը կարող է փրկել ձեր կյանքը: Հնարավոր է դա շատ բարձրագոչ է հնչում: Սակայն գոյություն ունի հետազոտություն, ըստ որի ամուսնացածների առողջական վիճակն ավելի լավ է, քան միայնակներինը: Ամուսնացածներն ավելի երկար են ապրում, նրանց մոտ հազվադեպ է գլխուղեղի կաթված կամ սրտամկանի ինֆարկտ լինում, ավելի քիչ հավանականություն կա դեպրեսիայի մեջ ընկնելու, քիչ հավանականությամբ ախտորոշման ժամանակ կունենան քաղցկեղի վերջին աստիճանը եւ բուժումից հետո մեծ հավանականությամբ ավելի երկար կապրեն, հաճախ լուրջ վիրահատություններն ավելի թեթեւ են տանում:

Դա չի նշանակում, որ եթե դուք կողակից ունեք, ապա դուք ինքնաբերաբար կլուծեք այդ խնդիրները: Մարդիկ, ովքեր ամուսնական կյանքում երջանիկ չեն, ովքեր գտնվում են անընդհատ սթրեսների մեջ, կարող են իրենց ավելի վատ զգալ, քան միայնակները, ում շրջապատում են հոգատար ընկերները, սիրելի մարդիկ, ընտանիքի անդամները, ովքեր նրանց աջակցում են: Հետաքրքիրն այն է, որ առողջության համար օգտակարությունը հաճախ վերաբերում է ամուսնացած տղամարդկանց, քան կանանց:

Ի՞նչ օգուտ է տալիս ամուսնությունը սրտի աշխատանքին

Ինչպես ցույց է տվել Անգլիայում վերջերս անցկացրած հետազոտությունը, որին մասնակցել են 25000 մարդ, այն անձանց շրջանում, ովքեր սրտամկանի ինֆարկտ են տարել, ամուսնացածների մոտ ապրելու հավանականությունը 14 տոկոսով բարձր է, նրանք հիվանդանոցից դուրս են գրվել երկու օր ավելի շուտ, քան սրտամկանի ինֆարկտ տարած միայնակները:

Հետազոտությունը ներկայացվել է բժշկական գիտաժողովի ժամանակ, այդ պատճառով արդյունքները կարելի է համարել նախնական: Որոշ հարցեր, ամեն դեպքում, մնացել են:

Նման տեղեկությունը ստիպում է միայնակ մարդկանց ավելի լուրջ վերաբերվել երկրորդ կեսին գտնելու փնտրտուքներին: Նման հետազոտությունները կարող են միայն հանգեցնել այն եզրակացության, որ ամուսնության եւ ինֆարկտից հետո լավ ինքնազգացողության միջեւ ինչ-որ կապ գոյություն ունի, սակայն նրանք չեն կարող վստահությամբ պնդել, որ ամուսնությունն է համարվում նման դրական հետեւանքների պատճառը:

Մի քանի նշանակալի տեսություններ

Հաշվի առնելով, որ լավ առողջական վիճակի եւ ամուսնության միջեւ կապի մասին վկայություններն ավելանում են, պետք է մտածել, թե ինչու կա նման կապ: Մի շարք գիտնականներ զբաղվում են այդ հարցով: Ահա մի քանի նշանակալի տեսություններ:

Խոսքը իմունային համակարգի գործունեության մասին է: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, երջանիկ հարաբերություններ ունեցող մարդիկ ավելի ուժեղ իմունային համակարգ ունեն, քան նրանք, ովքեր դժբախտ են: Ամուսնացած մարդկանց մոտ կորտիզոլն ավելի քիչ քանակությամբ է արտադրվում, քան միայնակ մարդկանց մոտ: Դա կարող է լուրջ դերակատարում ունենալ, քանի որ կորտիզոլի մակարդակը սովորաբար մատնանշում է սթրեսի մակարդակը, իսկ կորտիզոլի բարձր մակարդակը կարող է վնասակար լինել իմունային գործառույթի համար:

Վարքագիծը փոխվում է այն բանից հետո, երբ մարդիկ ամուսնանում են: Ամուսնացած մարդիկ քիչ են ռիսկի դիմում, ավելի լավ են ուտում, առողջ կենսակերպ են պահպանում: Ապացուցված է նաեւ, որ ամուսնացած մարդիկ ավելի հաճախ են դիմում բժշկի եւ ավելի հաճախ են հետեւում բժիշկների խորհուրդներին, քան միայնակները:

Ամուսնացած մարդկանց հոգեկան վիճակն ավելի լավ է: Թույլ սոցիալական աջակցությունը կապում են դեպրեսիայի ավելի բարձր մակարդակի, միայնության, սոցիալական մեկուսացման հետ, որոնք իրենց հերթին վատ ազդեցություն են ունենում առողջության վրա:

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ տղամարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, սովորաբար ավելի վաղ տարիքում են ամուսնանում եւ հազվադեպ են բաժանվում, քան առողջ տղամարդիկ:

Այդ տեսություններից ոչ մեկը չի ապացուցում եւ չի հերքում ամուսնության օգտակարությունն առողջության համար: Հետազոտողները շարունակում են ուսումնասիրությունները:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝