Ջրազրկման նախանշանները եւ դրա բացասական հետեւանքները

700x520_nepritn_zapah_070617

Առաջին նախանշանը բերանի տհաճ հոտն է

Ոչ բոլոր դեպքերում է, որ բերանի տհաճ հոտը կապված է այն հանգամանքի հետ, որ մարդը պարզապես մոռանում է լվանալ ատամները կամ ատամների հետ կապված խնդիրներ ունի: Շատ հաճախ բերանի տհաճ հոտի պատճառը ջրազրկումն է:

Մարդու մոտ օրական արտադրվում է 1,5լ թուք: Դրա համար անհրաժեշտ է բնականոն ջրային հավասարակշռություն, որպեսզի թուքի ամբողջական արտադրությունը չխախտվի: Եթե մարդը ջրազրկված է, ապա օրգանիզմի կողմից արտադրված թուքի քանակը նվազում է:

Թուքի մեջ առկա նյութերը, օրինակ լիզոցիմը, որն օժտված է հակաբակտերիալ նյութերով,   վերահսկում են բերանի մեջ բակտերիաների արագ աճը: Համապատասխանաբար, երբ թուքը նվազում է, բակտերիաներն ավելի արագ են տարածվում՝ առաջացնելով տհաճ հոտ:

Եթե բերանից տհաճ հոտ է գալիս, որը նախկինում չի եղել, առաջին հերթին պետք է մտածել, որ պատճառը կարող է լինել ջրազրկումը: Խմեք օրական 2լ ջուր:

Երկրորդ նախանշանը քաղցն է

Հաճախ մարդիկ քաղցը շփոթում են ծարավի հետ եւ մեկ բաժակ ջուր խմելու փոխարեն սկսում են ուտել:

Դա ունի գիտական ապացույց: Գլխուղեղում քաղցի եւ ծարավի համար պատասխանատու գոտիները գտնվում են իրար կողքի: Եվ երբ մարդու մոտ ծարավի զգացում է առաջանում, ակտիվանում է նաեւ քաղցի կենտրոնը: Դա խառնաշփոթություն է առաջացնում: Ձեզ թվում է, որ ցանկանում եք ուտել, սակայն իրականում օրգանիզմը ջրի պահանջ է զգում:

Երբ ցանկանում եք ուտել, խմեք մեկ բաժակ ջուր: Եթե 10-15 րոպե հետո քաղցի զգացումը չի անցնում, ուրեմն իրականում դուք քաղցած եք, իսկ եթե անցնում է, նշանակում է ճիշտ որոշում եք կայացրել:

Երրորդ նախանշանը

Դուք սկսում եք կորցնել կենտրոնացումը, եւ ձեզ մոտ սկսվում է գլխացավ: Կենտրոնացման նվազումը եւ նույնիսկ վատ տրամադրությունը համարվում է օրգանիզմում հեղուկի պակասի նախանշաններից մեկը:

Մարդը 60 տոկոսով բաղկացած է ջրից, եւ երբ օրգանիզմը կորցնում է հեղուկը, յուրաքանչյուր բջիջ անմիջապես արձագանքում է: Հեղուկի նվազման պատճառով արյունը խտանում է, դանդաղում է արյան շարժը, ինչն էլ կարող է հանգեցնել գլխուղեղի կաթվածի եւ սրտամկանի ինֆարկտի:

Գլխուղեղը, որը 80 տոկոսով բաղկացած է հեղուկից, թեթեւակի փոքրանում է, ինչը բավարար է, որպեսզի գործեն ցավային ընկալիչները, որոնք կարող են հանգեցնել գլխացավի: Գլխուղեղում նույնպես սկսում է հոսել քիչ թթվածնով հագեցած արյունը, ինչն էլ հանգեցնում է ուշադրության կենտրոնացման խանգարման:

Չորրորդ նախանշանը. դուք դադարել եք նիհարել, թեեւ ճիշտ եք սնվում

Յուտայի համալսարանի առողջապահության քոլեջում անցկացվել է հետազոտություն, որտեղ համեմատել են այն կանանց նյութափոխանակությունը, ովքեր օրական խմում են 8 բաժակից ավելի ջուր, այն կանանց հետ, ովքեր քիչ ջուր են օգտագործում: Փորձարկման արդյունքում պարզվել է, որ եթե օրգանիզմը ջրազրկված է 3 տոկոսով, ապա կալորիաների քայքայման արագությունը նվազում է 2 տոկոսով: Դրա համար եթե դուք այցելում եք մարզասրահ, այնտեղ ծախսում եք մեծ քանակությամբ հեղուկ՝ դա ոչ մի կերպ չփոխհատուցելով, ապա դուք ոչ միայն չեք նիհարի, այլ նաեւ կնվազեցնեք նյութափոխանակությունը:

Այդ հետազոտությունը պարզել է նաեւ, որ 0,5 լ ջուր խմելն օգնում է ակտիվացնել տերմոգենեզը, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ կալորիաների ծախսը: Հեղուկը խմելուց հետո մեկ ժամվա ընթացքում էներգիայի ծախսն ավելանում է 24 տոկոսով:

Խմեք բավարար քանակությամբ ջուր: Դուք ոչ միայն զերծ կմնաք վտանգավոր հիվանդություններից, նաեւ կկարգավորեք ձեր կյանքն՝ ազատվելով ջրազրկման անցանկալի նախանշաններից:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝