Վատ նախաճաշի կամ դրանից հրաժարվելու դեպքում տարիներ անց լուրջ առողջական խնդիրներ կառաջանան

482x351_plohoy_zavtrak_v_molodosti_privodit_k_ozhireniyu_u_vzroslyh

Գիտնականները պարզել են, որ այն դեռահասների մոտ, ովքեր անտեսել են հագեցած նախաճաշը, հետագայում մեծ հավանականությամբ զարգացել է նյութափոխանակային համախտանիշը:

Նյութափոխանակային համախտանիշը հավաքական տերմին է, որն ընդգրկում է գործոնների ամբողջականությունը, որը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականության բարձրացմանը: Նման գործոններ համարվում են ճարպակալումը, տրիգլիցերիդի եւ խոլեստերինի բարձր մակարդակը, զարկերակային հիպերտոնիան, գլյուկոզայի նկատմամբ հանդուրժողականության խախտումը:

Գիտական աշխատանքի մեկնարկի ժամանակ գիտնականները Լուլեո քաղաքի բարձր դասարանցիներին խնդրել են լրացնել հարցաթերթիկ, որոնց հարցերն առաջին հերթին վերաբերում էին առավոտյան ճաշացանկին: 27 տարի անց պատասխանողներն անցել են բժշկական հետազոտություն, որի ժամանակ փորձագետները մանրամասնորեն փնտրում էին նյութափոխանակության համախտանիշները:

Պարզվեց, որ երիտասարդների այն խմբի մոտ, ովքեր անտեսել կամ ընդհանրապես հրաժարվել են նախաճաշից, նյութափոխանակության սինդրոմի մակարդակը 68 տոկոսից բարձր էր, քան այն մարդկանց մոտ, ովքեր երիտասարդ տարիքում նորմալ նախաճաշել են: Նման օրինաչափությունը պահպանվել է նաեւ այնպիսի արտաքին գործոնները հաշվի առնելիս, ինչպիսիք են սոցիալական վիճակը, կրթությունը եւ կենսակերպը: Ամենաշատը վատ նախաճաշի հետ փոխկապակցված է ճարպակալումը եւ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը:

«Իհարկե, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի հասկանանք այն մեխանիզմները, որոնք ընկած են այդ օրինաչափության հիմքում, սակայն մեր ստացած արդյունքները միանշանակորեն վկայում են այն, որ երիտասարդ տարիքում  վատ նախաճաշը կարող է կործանարար ազդեցություն ունենալ ածխաջրային փոխանակության եւ նյութափոխանակության վրա»,- համոզված է հետազոտության հեղինակ Մարիա Վենբերգը:

Այսինքն, եւս մեկ փաստարկ, որ նախաճաշից հրաժարվելն անմտություն է:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝