Մայրերը, ովքեր կրծքով կերակրելու ժամանակ օգտվում են բջջային հեռախոսից, վնասում են իրենց երեխաներին

801c72e6f5bb0539d9f18d7cc6a51271_800x600

«Գերմանիայի առողջապահության նախարարության զեկույցում լուրջ եզրակացության են հանգել. որքան երկար ժամանակ են երեխաներն օգտվում բջջային հեռախոսներից, այնքան քիչ են զարգանում նրանց ունակությունները»,-հայտնում է իսպանական ABC-ն: «Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ բջջային սարքերի օգտագործումն արգելակում է երեխաների խոսքի զարգացումը եւ խանգարում է աշակերտներին կենտրոնանալ: Նախարարությունը խորհուրդ չի տալիս օգտագործել սմարթֆոններ մինչեւ 12 տարեկանը»,- գրում է Ռոսալիա Սանչեսը:

«Այն երեխաները, որոնց մայրերը կրծքով կերակրելու ընթացքում օգտվում են հեռախոսներից, ավելի շատ տառապում են քնի խանգարումով եւ վատ են սնվում: Այնպես որ, կերակրելու ժամանակ պետք է զերծ մնալ բջջային հեռախոսներ օգտագործելուց: Blikk-2017 հետազոտությունն անցկացվել է Բեռլինում, որին մասնակցել են 5500 երեխա եւ ծնող Գերմանիայի 79 բնակավայրերից: Պարզվել է, որ մայրերի 75 տոկոսը, ովքեր ունեն մեկ ամսականից մինչեւ մեկ տարեկան երեխաներ, սովորություն ունեն օգտվել հեռախոսներից կերակրելու ժամանակ: Հետազոտությունն ապացուցել է, որ այն երեխաները, ովքեր կերակրվում են նման պայմաններում, վատ են քնում եւ ավելի քիչ կաթ են ստանում, քան մյուսները»,- հայտնում է լրագրողը:

«Բջջային հեռախոսների օգտագործումն օրական մինչեւ 30 րոպեով սահմանափակելը որոշիչ նշանակություն կունենա ազատվելու այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են մեխանիկական գերակտիվությունը, կարդացածը հասկանալու հետ կապված բարդությունը եւ կենտրոնանալու ունակությունը: Հետազոտությունում նշվում է, որ որքան երկար ժամանակ են երեխաներն անցկացնում էկրանի դիմաց, այնքան քիչ են զարգանում նրանց լեզվական ունակությունները: Այդ ամենին ավելանում է նաեւ նստակյաց կյանքը եւ քաղցրավենիքի հանդեպ պահանջի ավելացումը»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Գերմանիայի դաշնային կառավարության առողջության հարցերով հանձնակատար Մառլեն Մորթլերը կոչ է արել լուրջ վերաբերվել թվային դարաշրջանի վտանգին: Ամենակարեւորն այն է, որ ծնողները հասկանան, որ փոքր երեխան չպետք է օգտագործի սմարթֆոն: Մինչ այդ պարզվել է, որ մինչեւ երեք տարեկան երեխաների 70 տոկոսն օգտվում է ծնողների բջջային սարքերից օրական 30 րոպեից ավելի»:

Աղբյուր՝ ABC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝