Ազդակներ, որոնք «ահազանգում» են վիտամինների բացակայության մասին

e9a21ba344b7c1b4dbb1bd40aa52cc8a

Շատ կարեւոր է ուշադրություն դարձնել այն ազդանշաններին, որոնք տալիս է մարմինը, որպեսզի ժամանակին նկատեք եւ կանխեք ներքին հավասարակշռության խախտումը:

Ոչ համարժեք եւ անկանոն սնվելը համարվում է եւս մեկ գործոն, որից առաջանում է վիտամինի պակաս:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ առաջանում է վիտամինի պակասություն

Բժիշկները պնդում են, որ եթե ամեն օր վիտամիններ չօգտագործենք, ինքնըստինքյան առաջանում են հիվանդություններ: Այսինքն օրգանիզմը դժվարանում է իրականացնել իր գործառույթները, քանի որ վիտամինները ներգրավված են բոլոր ռեակցիաներում, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում:

Երբ մեզ մոտ առկա է վիտամինի բացակայություն կամ ինչ-ինչ պատճառներով դժվարությամբ է յուրացվում, մարմինը դա ցույց է տալիս բավականին տարօրինակ միջոցներով, եւ պարտավոր ենք ուշադրություն դարձնել դրանց:

Վիտամինի պակասության հինգ ամենաանսովոր նշանները

Ճաքեր բերանի անկյունում

Եթե բերանի անկյունում նկատում եք ճաքեր, պատճառն այն չէ, որ մոտենում է ծերությունը, այլ վիտամինների բացակայությունն է, հատկապես В2, В3 եւ B12 վիտամինների պակասությունը, ինչպես նաեւ երկաթի եւ ցինկի պակասությունը: Դա շատ տարածված երեւույթ է բուսակերների մոտ, ովքեր հետեւում են հավասարակշռված դիետայի: Խնդրի լուծումը շատ սաղմոն, ձու, կակղամորթեր եւ ոստրե ուտելն է: Նրանց, ովքեր միս չեն ուտում, անհրաժեշտ է սննդակարգի մեջ ավելացնել ոսպ, գետնանուշ կամ գետնանուշի յուղ, լոլիկ, քունջութի սերմ եւ սպանախ: Բացի դրանից չպետք է մոռանալ վիտամին C օգտագործելու մասին:

Կարմիր ցան դեմքի վրա եւ մազաթափություն

Դրանք ցինկի բացակայության նշաններն են: Մազաթափությունը ցինկի բացակայության հիմնական նշանն է, դրա բացակայությունը կարող է հանգեցնել վերքերի լավացման հետ կապված խնդիրների, մաշկի մշտական չորության, հաճախակի ցաներով, մաշկի վրա առաջանում են կարմիր բծեր: Նման նախանշաններ կարող են առաջանալ նաեւ B7 վիտամինի եւ ճարպերը քայքայող վիտամինների խմբի, հատկապես A, D, Е եւ К վիտամինների բացակայությունից:

Այս խնդրի լուծումը համարվում է գարեջրի խմորիչի, ընկույզի, դդմի սերմի, հացահատիկային բույսերի, կաթնամթերքի, սնկերի, հատապտուղների եւ բանանի օգտագործումը:

Պզուկներ

Այտերին, ձեռքերին եւ ազդրերին սպիտակ եւ կարմիր պզուկներ առաջանում են, քանի որ օրգանիզմում բացակայում են անփոխարինելի ճարպաթթուները եւ А եւ D խմբի վիտամինները: Այդ պզուկներն ավելի կոշտ են եւ  հեռացնելը շատ ցավոտ է, նրանք նման են ճարպագնդի: Այս խնդրի լուծումն առողջական դիետայի մեջ է: Անհրաժեշտ է դադարել ուտել հագեցած ճարպեր եւ սննդակարգի մեջ ավելացնել ավելի օգտակար ճարպեր, ինչպես, օրինակ, օմեգա-3 ճարպաթթուները: Անհրաժեշտ է օգտագործել կտավատի, չիայի սերմեր, նուշ եւ հունական ընկույզ:

Ծակոցներ, քոր, ոտքերի ու ձեռքերի թմրածություն

Նման դեպքերում առկա է B վիտամինի պակասություն, ավելի ճիշտ В6, В9 եւ В12 վիտամինների: Եթե օրգանիզմում բացակայում են այդ նյութերը, ապա այն ուղղակիորեն ազդում է ծայրամասային նյարդային համակարգի եւ մաշկի նյարդային վերջույթների վրա:

Այդ նախանշանները կարող են ուղեկցվել դեպրեսիայով, անհանգստությամբ, հոգնածությամբ, սակավարյունությամբ եւ հորմոնալ անհավասարակշռությամբ: Խնդիրը կարելի է լուծել սննդակարգի մեջ ներառելով ծնեբեկ, սպանախ, լոբի, ձու եւ այլն:

Ծակող ցավեր ոտքերի շրջանում

Այդ երեւույթի պատճառը կալիումի, կալցիումի եւ մագնեզիումի բացակայությունն է: Հնարավոր է օրգանիզմում բացակայում է միայն մեկ տարրը կամ նույնիսկ բոլորը միասին: Եթե սկսել եք ինտենսիվորեն զբաղվել սպորտով, ապա կարող եք կորցնել մեծ քանակությամբ հանքանյութեր շատ քրտնարտադրության հետեւանքով: Ոչ մի դեպքում չի կարելի թողնել պարապմունքները, սակայն սննդակարգի մեջ անհրաժեշտ է ավելացնել հետեւյալ մթերքները՝ բանան, ընկույզ, նուշ, դդում, կեռաս, խնձոր, բրոկոլի, կաղամբ, առյուծատամ եւ սպանախ:

Ցավեր եւ վիտամինի բացակայություն

Ավիտամինոզը եւ նրա հետեւանքները

Վիտամին A

Դրա բացակայությունն առաջացնում է հոգնածություն, վատ տեսողություն, ատամների եւ մաշկի հետ կապված խնդիրներ, իմունիտետի նվազում եւ լնդերի արյունահոսություն:

B խմբի վիտամիններ

В1-ի բացակայության դեպքում առաջանում է անքնություն, հոգնածություն, թուլություն, մկանների թուլություն, դեպրեսիա, դյուրագրգռվածություն, քաշի կորուստ, աղեստամոքսային եւ սրտային խնդիրներ:

В2 վիտամինի պակասությունն առաջացնում է աչքերի կարմրածություն, ցավային զգացումներ, ցավ բերանում, յուղոտ մազեր եւ այլ խնդիրներ:

B3 վիտամինի պակասությունն առաջացնում է գլխացավ, ուժի կորուստ, բերանի տհաճ հոտ, լարվածություն, խոց, ախորժակի կորուստ եւ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ:

Վիտամին В5-ի բացակայության դեպքում զգում ենք ցավեր, հոգնածություն, սրտի անկանոն աշխատանք, փսխում, անքնություն:

Վիտամին В6-ի պակասը հանգեցնում է անքնության, սակավարյունության, առաջացնում է մաշկային խնդիրներ, մազաթափություն, մկանային ցավ, օրգանիզմում հեղուկի կուտակման:

В12 վիտամինի պակասն առաջացնում է հոգնածություն, փորլուծություն, հավասարակշռության խնդիրներ, ախորժակի բացակայություն, նյարդերի բորբոքում:

C Վիտամին

Վիտամին C-ի բացակայության դեպքում վերքերն ու կոտրվածքներն ուշ են լավանում, լնդերն արյունահոսում են, առաջանում է հոդացավ, մարսողության հետ խնդիրներ, սակավարյունություն:

D վիտամին

Այս վիտամինի բացակայությունն առաջացնում է ոսկրերի թուլություն, կարիես, քարեր երիկամում, մկանային թուլություն:

E վիտամին

Այս վիտամինի բացակայությունն առաջացնում է սակավարյունություն, սրտի աշխատանքի խանգարում, նյարդային եւ վերարտադրողական համակարգերի խանգարում, քայլելու ընթացքում հավասարակշռության պահպանման դժվարություն:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝