Ֆինլանդիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կհրաժարվի դպրոցական ավանդական դասաժամերից

img_5305

Ֆինլանդիայի կրթական համակարգը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Միջազգային վարկանիշներով Ֆինլանդիայի կրթական համակարգը միշտ զբաղեցնում է բարձր հորիզոնականներ: Սակայն, տեղի իշխանությունները չեն ցանկանում սահմանափակվել արդեն իսկ ձեռք բերած հաջողություններով: Նրանք որոշել են դպրոցական համակարգում իսկական հեղափոխություն իրականացնել`դպրոցական ծրագրերից հանելով բոլոր առարկաները: Շուտով այլեւս չեն լինի ֆիզիկայի, մաթեմատիկայի, գրականության, պատմության կամ աշխարհագրության դասաժամեր:

Հելսինկիի կրթության վարչության ղեկավարը՝ Մարջո Կիլոնեն, բացատրում է փոփոխությունները. «Կան դպրոցներ, որտեղ ուսուցումը կատարվում է հին ձեւաչափերով,   հիմա պահանջներն այլ են, եւ  մեզ հարկավոր են նոր ծրագրեր, որոնք կհամապատասխանեն 21-րդ դարին»:

Անհատական առարկաների փոխարեն աշակերտները կուսումնասիրեն իրադարձություններն եւ երեւույթները՝ ինտեգրատիվ  ձեւաչափով: Օր.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը կուսումնասիրվի պատմության, աշխարհագրության եւ մաթեմատիկայի տեսանկյունից:  Իսկ, օրինակ, «աշխատանք սրճարանում»  դասընթացի շրջանակներում աշակերտները կուսումնասիրեն անգլերենի, տետեսության, հաղորդակցության բոլոր յուրահատկությունները:

Աշակերտն ինքը կարող է ընտրել՝ ինչ թեմա է ցանկանում սովորել: Այսպիսով, նա ստիպված չի լինի սովորել բոլոր առարկաները՝ միաժամանակ մտածելով, թե դա իրեն պետք չի լինի: Ավանդական ձեւաչաձը՝ կապված ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների հետ, նույնպես կփոխվի: Դպրոցականները ստիպված չեն լինի նստել նստարաններին եւ սպասել իրենց պատասխանի հերթին, դրա փոխարեն նրանք կաշխատեն փոքր խմբերով՝ խնդիրները քննարկելու համար:

Ֆիննական կրթական համակարգը  խրախուսում է կոլեկտիվ աշխատանքը, որը կազդի նաեւ ուսուցիչների վրա: Դպրոցական այս նոր ձեւաչափը պահանջում է համագործակցություն տարբեր առարկաների ուսուցիչների միջեւ: Հելսինկիի ուսուցիչների մոտ 70%-ն արդեն անցել է որոշակի նախապատրաստական փուլ, թե ինչպես ներկայացնել տեղեկատվությունը:

Այս բարեփոխումները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2020թ.-ը:

Աղբյուր՝ globalresearch.ca

Թարգմ.՝ Հասմիկ Խաչատրյան

Դիտվել է՝