Ծննդաբերությունից հետո հաշված օրերի ընթացքում հնարավոր է հասնել հիանալի արդյունքների

image

Երեխաների ծնունդից հետո մայրիկները տարբեր կերպ են արձագանքում իրենց արտաքինի փոփոխություններին: Հաճախ կանայք տրտնջում են՝ կանգնելով հայելու դիմաց, քանի որ գիրացած մարմինը դժվար է թաքցնել: Ոմանք սկսում են ակտիվորեն զբաղվել սպորտով եւ դիետաներ պահել, քաղցած մնալ, դեղատներից նիհարեցնող դեղահաբեր եւ թեյեր գնել, իսկ ոմանք ընկնում են հետծննդյան դեպրեսիայի մեջ:

Այդ շրջանի հիմնական սխալն օրգանիզմի նկատմամբ ագրեսիվ գործողություններն են, որոնք հաճախ անարդյունավետ են լինում: Հետեւելով այս 5 կանոններին՝ ձեռք կբերեք կատարյալ տեսք:

Ինչպե՞ս նիհարել ծննդաբերությունից հետո

Համբերել

Ծննդաբերությունից հետո նիհարելը բավականին ժամանակատար է: Չպետք է հավատալ փայլփլուն ամսագրերին, նայել աստղային մայրիկներին, չպետք է գնել հրաշագործ միջոցներ: Որքան էլ որ ցանկություն ունենաք հիանալի կազմվածք ունենալու, ամենակարեւորն այն է, որ չպետք է վնասել ոչ ձեր եւ ոչ էլ երեխայի առողջությունը: Որքան ողջամիտ լինեն քո գործողություններն, այնքան ավելի շուտ կտեսնես արդյունքները:

Կերակրել կրծքով

Բժիշկները վստահեցնում են, որ կերակրող մայրերն արագ են վերականգնում իրենց կազմվածքը:

Հետեւել սննդակարգին

Հղիության ընթացքում հնարավոր չէ հրաժարվել քաղցրավենիքից, աղի եւ ապխտած սննդից, որոնք ժամանակի ընթացքում ավելացնում են քաշը: Անհրաժեշտ է աստիճանաբար նվազեցնել այդ մթերքների չափաքանակը սննդակարգից: Դիետոլոգները խորհուրդ են տալիս հրաժարվել մսային արգանակներից եւ ձկնապուրից, քանի որ դրանք դժվարությամբ են մարսվում եւ դանդաղեցնում եմ վերականգնման գործընթացը:

Լավ միտք չէ ծննդաբերությունից անմիջապես հետո հետեւել խիստ դիետայի, քանի որ հղիությունն օրգանիզմի համար սթրես է, եւ նրա գործառույթների վերականգնման գործընթացը մեծ քանակության էներգիա է սպառում: Սնվելու գործընթացը պետք է կանոնավոր լինի, օրական պետք է սնվել 4-5 անգամ: Անհրաժեշտ է օգտագործել վիտամիններով, սպիտակուցներով, կալցիումով եւ երկաթով հարուստ սնունդ: Այդ միկրոտարրերի բացակայությունը հենց այդ ընթացքում է ավելի նկատելի, հատկապես զգալի է երկաթի պակասությունը, իսկ դրա բացակայության դեպքում գրեթե անհնար է նիհարել:

Զբաղվել մարմնամարզությամբ

Մայրիկները հաճախ անտեսում են զբոսնելու կարեւորությունը: Անհրաժեշտ է հիշել, որ 20 րոպե քայլելը քայքայում է 150 կկալ: Ծննդաբերությունից միայն 4-6 շաբաթ հետո կարելի է զբաղվել մարմնամարզությամբ՝ կատարելով թեթեւ, ամրապնդող վարժանքներ, հատուկ վերականգնող ծրագրեր մայրիկների համար:

Խորհրդակցել բժշկի հետ

Մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ է հաճախակի այցելել բժշկի, քանի որ այդ ընթացքում կանացի առողջությունը շատ խոցելի եւ զգայուն է: Ծննդաբերությունից 6 ամիս հետո պետք է կատարել արյան ընդհանուր եւ հորմոնների հետազոտություն:

Եթե երկար ժամանակ քաշը չի կարգավորվում, անհրաժեշտ է դիմել դիետոլոգի կամ էնդոկրինոլոգի: Հնարավոր է խախտվել է նյութափոխանակությունը կամ էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներ կան:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝