Պուտինը նման չէ Ստալինին. նա ավելի նենգ է. The Independent

crop

«Ռուսաստանում ստալինիզմի ամենավատ ավանդույթներով արգելվեց «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը, գրում է The Independent-ը. բռնապետին ծաղրող ֆիլմը համարեցին չափազանց խնդրահարույց եւ անպարկեշտ հանրային ցուցադրության համար»:

«Ստալինի եւ Պուտինի ժամանակաշրջանների միջեւ զուգահեռները բազմիցս են նշվել, եւ դրանք ապշեցուցիչ են»,- ասվում է հոդվածում: The Independent-ն այդ շարքում թվարկում է մոլեգին պարանոյան Ամերիկայի եւ Արեւմուտքի նկատմամբ, հսկողության եւ քարոզչության կիրառումը, զինված ուժերի ավելացումը, Վրաստանում եւ Ուկրաինայում տարածքների յուրացումը, հարեւանների ահաբեկումը, Մերձավոր Արեւելքում ազդեցության ընդլայնումը:

«Իհարկե, Պուտինը Ստալինը չէ: Պուտինյան Ռուսաստանում ավելի շատ բազմակարծություն կա, այն ավելի բաց եւ ազատ է, քան Խորհրդային Միությունը նույնիսկ այնպիսի լուսավորյալ առաջնորդների ժամանակ, ինչպիսիք են Խրուշչովը եւ Գորբաչովը»:

Սակայն, ընդգծում է թերթը, «այն, ինչ արել է Պուտինը, ավելի նենգ ու վտանգավոր է»: «Նա ստեղծեց կոշտ ավտորիտար առաջնորդության նոր մոդել, որտեղ շեշտը դրվում է ազգայնականության, իր նպատակների համար հաճախ հայրենասիրությունն այլասերելու վրա, որտեղ երկրի դժբախտությունների համար մեղադրում են օտարերկրացիներին, այլախոհներն առանց ավելորդ աղմուկի ճնշվում են, իսկ խոսքի ազատությունը սահմանափակվում է: Պահպանվում են բնական ժողովրդավարական կյանքի որոշ իրողություններ, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը մասամբ է պահպանվում, սակայն կոռուպցիայի եւ մշտական ճնշումների ֆոնին»,- գրում է The Independent-ը:

Պուտինի գրաքննությունը՝ կապված բրիտանական ֆիլմի հետ, հիշեցնում է հետեւյալը. «Ըստ էության, գոյություն ունի, ծայրահեղ դեպքում Ռուսաստանի կողմից, Արեւմուտքի հետ առճակատման որոշակի անխուսափելիություն՝ հիմնված ոչ այնքան  գաղափարական տարբերությունների, որքան ազգային շահերի եւ մարտավարական առավելությունների հնաոճ հակամարտությունների վրա»,- գրում են հոդվածի հեղինակները: «Դա խոսում է նաեւ այն մասին, որ Ռուսաստանը հակված է բռնապետերի իշխանությանը, ովքեր օգտագործում են ահաբեկումը՝ որպես հիմնական քաղաքական զենք: Ստալինը թեեւ մահացել է, սակայն ստալինիզմը կյանքի նշաններ է ցույց տալիս,- ասվում է հոդվածում: -Հետաքրքիր է, թե ինչ են անելու Պուտինի մերձավորները, եթե նրանց առաջնորդը մի օր վախճանվի իր կաբինետի հատակին»:

 

Աղբյուր՝ The Independent

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝