Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների սառեցումը. Stratfor

togan1

Երբ խոսքը գնում է հետխորհրդային երկրների մասին, ապա քիչ երկրներ են մնացել, որոնք ավելի ջերմ և մոտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, քան Հայաստանը: Այս մասին իր հոդվածներից մեկում գրել է ամերիկյան «Stratfor» հետազոտական ընկերությունը:

Հոդվածում նշվում է. «Կովկասյան այդ երկրում գտնվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում տեղակայված 5000-անոց ռուսաստանյան զորքը, և Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի Հայաստանի ռազմավարական ոլորտների մեծ մասի վրա՝ էներգետիկից մինչև հեռահաղորդակցություն: Ռուսաստանը նաև Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, մոտ 25 տոկոս ընդհանուր առևտրաշրջանառությամբ, ինչպես նաև ամենատարածված ուղղությունն արտագնա աշխատողների համար, որոնց դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի համախառն ներքին արդյունքի 10 տոկոսը:

Հայաստանը նաև հանդիսանում է ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, որոնք պաշտոնական Մոսկվայի՝ հետխորհրդային երկրների ինտեգրման հիմնական մեխանիզմներն են:

Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները, սակայն, հարցականի տակ են դնում ավանդաբար ուժեղ հարաբերությունները Երևանի և Մոսկվայի միջև, և մեծ է հավանականությունը, որ մոտ գտնվող և հեռավոր ուժերը կարող են քայլեր ձեռնարկել այդ բացը լրացնելու նպատակով»:

Անդրադառնալով 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»՝ հոդվածագիրը նշում է, որ չնայած այն բանի, որ Կրեմլն աջակցում էր Սերժ Սարգսյանին, Ռուսաստանը չի միջամտել Հայաստանում տեղի ունեցող ցույցերին՝ ընդդեմ նախորդ իշխանությունների:

«Մասամբ, Կրեմլը որոշել է չանել դա այն պատճառով, որ Փաշինյանն իր քննադատություններում զգուշորեն սահմանափակվեց ներքին՝ կոռուպցիայի խնդրով և, միաժամանակ, բազմիցս կարևորում էր Մոսկվայի հետ Երևանի կապերը ռազմավարական և անվտանգության հարցերում:

Այնուամենայնիվ, Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո երկու երկրների միջև հարաբերություններում լարվածությունն աճել է: Պատճառներից մեկը Փաշինյանի որոշումն է թիրախավորել Հայաստանի նախկին ղեկավարին 2008 թվականի ընտրություններին հաջորդող ցույցերի ճնշման համար»:

Հոդվածում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի հանդեպ հարուցված քրեական գործերը զայրացրել են Ռուսաստանին:

Բացի այդ, երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են նաև այն բանից հետո, երբ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականները Փանիկում զորավարժություններ են իրականացրել՝ տեղյակ չպահելով տեղի բնակչությանը:

«Դրանից հետո երկրում Ռուսաստանի զինվորական գործողությունների դեմ ցույցերը հաճախակի են դարձել, մասնավորապես այն բանից հետո, երբ ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Գյումրիում հայ կնոջը սպանելու համար… Ու թեև ցույցերին մասնակցեցին ընդամենը մի քանի հարյուր մարդ, ինչը շատ հեռու է տասնյակ հազարավորներից, ովքեր անցած տարի դուրս եկան փողոց Փաշինյանի հետ, նրանք, այնուամենայնիվ, արտացոլում են հասարակության շրջանում աճող անհանգստությունը Ռուսաստանի ռազմական ներկայության հանդեպ»:

Երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին նաև այլ՝ անվտանգության հետ կապված հարցի պատճառով: Հոդվածի հեղինակը հիշատակել է նաև 2018 թվականի հոկտեմբերին կայացած ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան, երբ խոսվեց Հայաստանին ամերիկյան զենքի մատակարարման հնարավորության մասին և նշվեց, որ դա հնարավորություն կտա թուլացնելու Հայաստանի կախվածությունն այլ միջազգային խաղացողներից: Խոսքը, իհարկե, Ռուսաստանի մասին էր: Եվ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը բաց է զենքի վաճառքի վերաբերյալ քննարկման համար:

«Իրականում, Հայաստան-ԱՄՆ զենքին վերաբերող գործարքը ստիպելու է Մոսկվային վերանայել իր դերը՝ որպես Երևանի անվտանգության երաշխավորի: Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու գործում: Եվ Մոսկվան հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև գլխավոր միջնորդ: Եվ չնայած այն բանի, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, եթե Հայաստանը ԱՄՆ-ից զենք պատվիրի, Ռուսաստանը կարող է ավելացնել այդ աջակցությունն Ադրբեջանին»:

Հոդվածում հիշատակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի և Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագնի շուրջ տեղի ունեցող զարգացումները:

Եվ, չնայած այդ լարվածությունների, Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել Ռուսաստանի հետ իր սերտ կապերը:

«Վերջիվերջո, Հայաստանը շարունակում է կախվածության մեջ մնալ Ռուսաստանի՝ անվտանգության հետ կապված աջակցությունից, և Ադրբեջանի և Թուրքիայի հետ նրա հարաբերությունների բացակայությունը՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով, նշանակում է, որ Երևանը դժվար թե որևէ քայլ անի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքին վերջ տալու ուղղությամբ: Մոսկվան էլ, իր հերթին, խուսափում է կապերի խաթարումից, քանի որ Հայաստանը հանդիսանում է Կովկասում Ռուսաստանի հիմնական հենակետը»:

Այնուամենայնիվ, ըստ հոդվածի, Մոսկվայի և Երևանի միջև տարաձայնությունները մյուսների կողմից կարող են շահարկվել տարածաշրջանի հետ Հայաստանի կապերի բարելավման հարցում: Այսպես, օրինակ, բացի ԱՄՆ-ի կողմից առաջարկվող սպառազինությունների վաճառքի հարցում զեղչերից, Իրանը կարող է ավելացնել բնական գազի մատակարարվող ծավալը դեպի Հայաստան, իսկ ԵՄ-ն՝ ավելի շատ տնտեսական և քաղաքական նախաձեռնություններ իրականացնել Հայաստանում:

 

Թարգմ.՝ Նինա Մարգարյանի

Դիտվել է՝