Թուրքիան կարող է հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ «С-400» գնելու պատճառով

Снимок

«Այն, որ ԱՄՆ-ում սկսել են կիրառել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու» (CAATSA) օրենքը, նշանակում է, որ լուրջ  խնդիրներ կառաջանան թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնք արդեն իսկ լարված էին»,- թուրքական Hürriyet Daily News-ում գրում է Բարչին Յինանչը: Հեղինակի կարծիքով, CAATSA-ն կոչված է պատժելու այն երկրների կառավարություններին, որոնք Մոսկվայից ռազմական տեխնիկա են ձեռք բերում:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտից հայտարարեցին. «ձեռնարկվել են դիվանագիտական քայլեր այն երկրների նկատմամբ, որտեղ կարող է լինել այնպիսի գործունեություն, որը ենթակա է պատժամիջոցների. նրանց բացատրվել է հետեւանքների մասին, մենք դրդել ենք նրանց հրաժարվել պոտենցիալ գործարքներից, որոնք կարող են հակադրվել օրենքին»:

Լրագրողը մեկնաբանում է. «Թուրքիան, որը նախկինի նման ցանկանում է ձեռք բերել ռուսաստանյան «С-400» հրթիռային համակարգեր, հստակ պատկանում է նման գնում կատարելու պոտենցիալ հետեւանքների մասին տեղեկացված եւ նախազգուշացված դաշնակիցների թվին»:

«Թուրք պաշտոնյաները, որպեսզի խուսափեն պատժամիջոցներից, ասում են, որ Թուրքիան կարող է ԱՄՆ-ից գնել Patriot համակարգեր: Դժվար թե Թրամփին շատ հետաքրքրի ռուսաստանյան հակաօդային համակարգերի՝ ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ փոխգործունակության խնդիրը: Նա հիացած չէ ՆԱՏՕ-ով, սակայն Patriot առաքելու գաղափարը կարող է գրավիչ լինել նրա համար»:

«Սակայն, եթե նույնիսկ Թրամփն անձամբ դեմ լինի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, ԱՄՆ-ի Կոնգրեսը, որը Թուրքիային թշնամաբար է վերաբերվում, առավելության կհասնի»,- նախազգուշացնում է հեղինակը:

«Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ հունվարի 29-ն ամենավերջին ժամկետը չէ պատժամիջոցներ կիրառելու համար, այլ իրականում դրանց մեկնարկի ամսաթիվը: Եթե Թուրքիան իրականացնի «С-400» գնելու իր որոշումը, ապա կսկսվի ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հաշվարկը»,- կանխատեսում է Յինանչը:

Աղբյուր՝ Hürriyet Daily News

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝