Քրդական հանգույց. ի՞նչ է ասել Պոլսո պատրիարքը. Sueddeutsche Zeitung

1513107927

«Անկարայի սիրիական ռազմարշավը կարող է երկարատեւ դաժան արյունահեղության պատճառ դառնալ, քանի որ ներկայիս առճակատման հիմքում ընկած է քրդերի հետ հին հակամարտությունը: Դա խիստ վտանգավոր է նաեւ Թուրքիայի համար»,- գրում է Քրիստիանե Շլյոտցերը Sueddeutsche Zeitung-ում: 

«Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն այնպիսի ձեւակերպում է տվել, որը հիշեցնում է հարավսլավական հակամարտության ժամանակները: Նա հայտարարել է, որ այն ինչ անում են Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ջոկատները, դա «էթնիկ զտում» է, ինչին զոհ են դառնում արաբները եւ այն քրդերը, ովքեր չեն կիսում YPG-ի մարքսիստական գաղափարները: Նախարարը, սակայն, ապացույցներ չի տրամադրել»,-նշվում է հոդվածում:

«Պատերազմը եւ նրա լեզուն Թուրքիայի կողմից ճարպկորեն օգտագործվում է, որպեսզի կտրուկ ձեւակերպումների տակ թաքցնի ինչպես իր ազգային շահերը, այնպես էլ ազգային վերքերը: Թուրքական ընդդիմությունը՝ եւ քեմալականները, եւ ծայրահեղ ազգայնականները, աջակցում են ցամաքային գործողություններին: Նրանք կրկնում են պաշտոնական Անկարայի մեկնաբանությունն առ այն, որ Աֆրինի վրա հարձակումը նպատակ ունի կանգնեցնել «ահաբեկիչներին»»:

«Անգամ Ստամբուլում Պոլսո Հայոց պատրիարքը «հաջողություն» է մաղթել թուրքական բանակին: Նա, ում զարմացնում է այդ փաստը, պետք է վերանայի Թուրքիայի մեկդարյա վաղեմության պատմությունը եւ ուշադրություն դարձնի քրդական կլանների անփառունակ դերին կոտորածների ժամանակ, որոնց զոհ դարձավ Օսմանյան կայսրությունում բնակվող հայ ազգաբնակչությունը: Սակայն բոլոր պատմական համեմատականները եւ հղումները վտանգավոր են, քանի որ դրանք միայն բարդացնում են ներկայիս հակամարտությունների կարգավորման գործը»,-նշում է թղթակցուհին:

«Անկարան կարող էր եւ չվախենալ Սիրիայի քրդերից, եթե հաջողվեր Թուրքիայում ապահովել քրդերի հետ խաղաղ համակեցությունը: Քրդերի շահերը ներկայացնող քաղաքական կուսակցությունը թուրքական խորհրդարանում այնպիսի ազդեցություն ձեռք բերեց, որ իրենից արդեն վտանգ էր ներկայացնում նախագահ Էրդողանի բացարձակ իշխանության համար: Այսօր քրդական կուսակցության վերնախավը ճաղերի ետեւում է: «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» իր ներդրումն ունեցավ լարվածության աճի գործում՝ կազմակերպելով ահաբեկչությունների շարք: PKK-ն քրդական ազգայնականությունը հակադրում է թուրքականին, եւ այդ դրաման արդեն 40 տարի ծվատում է Թուրքիան»,-գրում է հեղինակը:

«Սիրիայի փլուզումը քրդերին նվիրեց քվազի-ինքնավար տարածք, եւ նրանք ամբողջ ուժով պաշտպանելու են այն: Անկարայի կողմից սկսված ռազմարշավը ձգձգվելու է, եթե անգամ թուրք զինվորականներին հաջողվի իրենց սահմանի մոտ ստեղծել 30 կմ-ոց բուֆերային գոտի: Թուրքիան Սիրիայում կմնա որպես օկուպացիոն իշխանություն»:

«Հնարավոր է՝ հենց դա է ցանկանում Անկարան. առաջիկայում Սիրիայում կարգուկանոն հաստատելուց հետո մասնակցել դերաբաշխմանը, ինչպես դա անում են Ռուսաստանը, Իրանը եւ Միացյալ Նահանգները: Անկարայի համար դա առավել կարեւոր է դառնում, քան Արեւմուտքի հետ մերձեցումը: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի դիրքորոշումը եւ գործողություններն առավել խնդրահարույց են դառնում նրա դաշնակիցների համար»: 

«Թուրքական բանակի ռազմարշավը դառնում է խիստ վտանգավոր ոչ միայն այն պատճառով, որ մեծաթիվ զոհեր եւ փախստականների հոսքեր կլինեն, այլ նաեւ այն պատճառով, որ քրդերի հետ հին հակամարտության ֆոնին կրակի վրա յուղ է լցնում՝ վտանգելով հենց Թուրքիային: Իսկ դա ոչ մեկին ձեռնտու չէ, եւ դաշնակիցները պետք է դա պարբերաբար հիշեցնեն Թուրքիային»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝  Süddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝