Էրդողանն ու Ալիեւը բարդագույն ընտրության առաջ են կանգնած. Ս. Տարասով

regnum_picture_1541240631301569_big

«Նոյեմբերի 5-ից ուժի մեջ կմտնեն Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք ուղղված են հիմնականում նավթարդյունահանման եւ բանկային ոլորտներին, նաեւ առնչվում են Թեհրանի հետ գործարար կապեր պահպանող երրորդ երկրներին: Միեւնույն ժամանակ շահերի լուրջ բախում է առաջանում Անդրկովկաս-Մերձավոր Արեւելք սահմանակետում»,-գրում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ բացառություն կարվի 8 երկրի համար, որոնք նավթ են ներկրում Իրանից: Սակայն, նրա խոսքերով, խոսքը «ժամանակավոր բացառության» մասին է՝ ներկրումն այդ երկրից էականորեն կրճատելու պայմանով»:   

«Վաշինգտոնը պատժամիջոցային ռեժիմից դուրս է թողել ադրբեջանական գազատարի նախագիծը, որի միջոցով գազը «Շահդենիզ» հանքավայրից պետք է մատակարարվի Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա: Հիմնավորումն այն է, որ «դա ապահովում է Թուրքիայի եւ Եվրոպայի երկրների անվտանգությունն ու էներգետիկ անկախությունը Ռուսաստանից եւ Իրանից»: Եվ դա այն դեպքում, երբ Եվրամիությունը չի հայտնվել այն երկրների ցանկում, որոնց վրա չեն տարածվի ԱՄՆ-ի պատժամիջոցները: Փոխարենն իրանական նավթ գնելու թույլտվություն կունենա Թուրքիան, բայց պայմանով, որ Անկարան հետզհետե կրճատելու է ներկրման ծավալները: Զարմանալին այն է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն  Թուրքիային գրեթե վերջնագիր էր ներկայացրել՝ հայտարարելով. «Վաշինգտոնը հույս է հայտնում, որ Անկարան ընտրություն կկատարի այն բանի օգտին, որ մնա ՆԱՏՕ-ի դաշնակից, եւ դաշինքից դուրս գալու ուղեգիծ չի ընտրի»: Պետքարտուղարը  նաեւ հույս էր հայտնել, որ Թուրքիան եւ նրա նախագահը եզրահանգման կգան, որ ԱՄՆ-ը ավելի շահավետ գործընկեր է, քան Իրանը»,-գրում է քաղաքագետը:   

«Պարադոքսը կայանում է հենց նրանում, որ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները, նաեւ ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչը համատեղ հայտարարություն ստորագրեցին, որում ափսոսանք հայտնեցին Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշման կապակցությամբ, նաեւ պնդեցին, որ մտադիր են պահպանել Թեհրանի հետ փոխգործակցությունը, նավթի, գազի առեւտուրն ու ֆինանսական գործառնությունները: Միգուցե Պոմպեոն վստա՞հ է, որ իրադարձությունների զարգացման ընթացքում Վաշինգտոնին կհաջողվի կոտրել Բրյուսելի դիմադրությունը»,-հարց է տալիս հեղինակը:

Մեկնաբանելով այդ բարդ իրավիճակը, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Սուլհադդին Աքփերը նշել է. «Թեհրանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի խստացումը լրջորեն կանդրադառնա հատկապես հարեւան երկրների վրա: Ադրբեջանը եւ Իրանի մյուս հարեւան երկրները կարող են հայտնվել Թեհրանի եւ Վաշինգտոնի «արանքում»: Չեմ խոսում Ռուսաստանի մասին, որի նկատմամբ եւս խստացվել են պատժամիջոցները, եւ որը հատուկ հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում, Կասպյան ավազանում եւ անգամ Իրանում»:

Ըստ նրա՝ Ադրբեջանը ավելի կարեւոր, ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար, քան Հայաստանը: «Չի կարելի մոռանալ, որ Իրանի բնակչության 43%-ը կազմում են էթնիկ ադրբեջանցիները: Իրանական էլիտայում ադրբեջանցիները կարեւոր դիրք են զբաղեցնում»,-նշել է Աքփերը:

«Բայց նոյեմբերի 5-ից պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն, եւ տարածաշրջանում կարող է բոլորովին այլ իրավիճակ ստեղծվել, ինչը կանդրադառնա նաեւ Բաքվի շահերի վրա: Մի հարցում ամերիկացիները զիջման գնացին Ադրբեջանին, սակայն Ադրբեջանը հավատարիմ կմնա  Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ռեժիմին, այլապես ամերիկացիները մեզ կպատժեն»,-շարունակել է ադրբեջանցի նախկին պաշտոնյան:

«Բաքուն կարող է հեռանալ Եվրոպայից եւ Ռուսաստանից, որոնք չեն աջակցում Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները: Միեւնույն ժամանակ Վաշինգտոնն Ադրբեջանի նկատմամբ կիրառում է «էներգետիկ մեղրաբլիթի» հնարքը:  Սակայն, կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ն հաջողությամբ խաղարկել «թուրքական գամբիտը», հրաժարվել սիրիացի քրդերին աջակցելուց՝ նրանց վերածելով մանրադրամի, որպեսզի տապալի սիրիական ուղղությամբ Ռուսաստան-Թուրքիա-Իրան ալյանսը, եւ վերադարձնի Անկարային իր մերձավորարեւելյան քաղաքականության ուղեծիր»,-հարց է ուղղում հեղինակը:

«Հնարավոր է, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ խաղարկի քրդական խաղաքարտը, որպեսզի Բաքվին եւ Անկարային ներքաշի հակաիրանական ճամբար, իսկ Թուրքիան տարածաշրջանում սեփական ընդարձակ օրակարգն ունի եւ տարաձայնությունները Վաշինգտոնի հետ միայն քրդերի գործոնով չեն սահմանափակվում: Պատահական չէ, որ շատ փորձագետներ հայտարարում են, որ Անկարան եւ Բաքուն միասին հայտնվում են բարդագույն պատմական ընտրության առջեւ, որտեղ մանեւրելու սեղմ հնարավորություններ կան: Մի կողմից՝ ԱՄՆ, Իսրայել, Պարսից ծոցի երկրներ եւ Ադրբեջան, մյուս կողմից՝ Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան: Կամ այլ տարբերակ. այն դեպքում, եթե Վաշինգտոնին հաջողվի իր կողմը ձգել միաժամանակ Թուրքիային եւ Ադրբեջանին, ապա այդ դեպքում ի հայտ կգա Ռուսաստան-Իրան-Չինաստան դաշինքը: Այնպես որ Թրամփը տարածաշրջանում սուր խաղ է ձեռնարկել, որի արդյունքները կարող են հսկայական տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կերպարը ստեղծել: Էրդողանի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի համար ընտրությունը հեշտերից չէ, տարբերակները քիչ են»,-գրում է քաղաքագետը:

Աղբյուր՝ regnum.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝