Ուկրաինական ճգնաժամ. կա՞ արդյոք ելք

putin-i-tramp

«Չե՞նք պատրաստվում արդյոք պատերազմի Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատճառով: Այդպիսի տպավորություն ստեղծվում է, երբ ԱՄՆ-ի ծովային հետեւակները պարբերաբար կազմակերպում են ռազմական սադրանքներ ռուսալեզու անջատողականների դեմ»,- The Washington Post-ում գրում է Մոսկվայում Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին: Հեղինակի խոսքերով՝ «դա տեղի է ունենում Հյուսիսային Կարոլինայում եւ Գերմանիայում, սակայն ենթադրյալ երկիրն Ուկրաինան է, որտեղ ինչ-որ ամերիկյան ռազմական ուժեր կազմակերպել են մարտական ուսումնական կենտրոն ուկրաինացիներից բաղկացած կազմով եւ, ըստ տեղեկությունների, կարող են մի ամբողջ թիմ ստեղծել»:

«Այն դեպքում, երբ Պենտագոնը, Պետդեպարտամենտը եւ Կոնգրեսը ձգտում են «մահացու պաշտպանական զենք» վաճառել Ուկրաինային, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը նախկին ռուսական սեւծովյան Օչակով նավահանգստում ստեղծում են կենտրոն, որն «ապահովելու է ճկուն ծովային հզորություն ռազմական ամբողջական գործողությունների համար»,- ասվում է հոդվածում:

«Դա, անկասկած, նման է պատերազմի պատրաստվելուն»,- նշում է Լոզանսկին:

«Անհասկանալի է, թե ինչի են ցանկանում հասնել մահացու զենք մատակարարելու կողմնակիցները, բացառությամբ հակամարտության կտրուկ սրացումից,- շարունակում է հեղինակը: -Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ անկախ նրանից, թե որքան է Ուկրաինան բարձրացնում խաղադրույքները ռազմական առումով, Ռուսաստանը կարող է գերազանցել եւ անում է դա»:

«Եվ ի՞նչ այդ դեպքում: Կներգրավվի՞ արդյոք Ամերիկան իրական գործողությունների մեջ»,- հարցնում է սյունակագիրը: -Դատելով Վաշինգտոնում առկա չափազանց լարված հակառուսական հռետորաբանությունից՝ դա բացառված չէ»:

«Իհարկե կարելի է ամեն ինչում Պուտինին մեղադրել, սակայն հարց է մնում. կա՞ արդյոք ելք այդ ճգնաժամից»,- գրում է Լոզանսկին: The American Conservative թերթի թղթակից Ռոբերտ Մերին հոռետեսորեն է տրամադրված այն հարցում, թե կարող է արդյոք նախագահ Թրամփը երկու կուսակցության կատաղի դիմադրության լույսի ներքո կատարել Մոսկվայի հետ գլոբալ խնդիրների վերաբերյալ համագործակցության հասնելու իր խոստումները եւ իրականացնել «կտրուկ շրջադարձ ռուս-ամերիկյան հարաբերություններում՝ վերջ դնելով շրջափակման նպատակով հարձակումներին, սահմանափակել թշնամական հռետորաբանությունը, չեղարկել տնտեսական պատժամիջոցները եւ ջանքեր գործադրել, որպեսզի աշխատի Ռուսաստանի հետ Սիրիայի եւ Ուկրաինայի ցավոտ խնդիրների վերաբերյալ»:

Ինչպես փոխանցում է Լոզանսկին, Մերին ենթադրում է, որ Ռուսաստանի հարցով Թրամփի նախաձեռնությունը դեռ երկար է մնալու, հակառուսական էլիտան հաղթեց: «Եթե ամեն ինչ այդպես է, դա նշանակում է, որ պատերազմն անփուսափելի է,- ասվում հոդվածում: -Այստեղից էլ նախապատրաստվածությունը, որը մենք տեսնում ենք»:

«Սակայն, ինչպես ասվում է, դեռ ամեն ինչ ավարտված չէ,- շարունակում է Լոզանսկին: -Թրամփը կանխատեսել էր, որ ինքը պատմության մեջ մտնելու է որպես բոլոր ժամանակների ամենահզոր ԱՄՆ նախագահ: Որպեսզի արժանանա այդ պատվին, նա պետք է իրականացնի իր նախընտրական բոլոր խոստումները, այսինքն, մեզ փրկի երրորդ համաշխարհայինից»:

Աղբյուր՝ inopressa.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝