Made in Russia գրությամբ եզակի ապրանք, որը մեծ պահանջարկ է վայելում

1488387922

«Ռուսաստանյան С-400 տիպի զենիթա-հրթիռային «Տրիումֆ» համակարգերի պահանջարկը մեծ է, այնքան մեծ, որ կոնցեռնի ներկայացուցիչներից մեկն անգամ սեթևեթել է, թե արտադրության հնարավորություններն անսահմանափակ չեն»,- գրում է Ֆրանկ Նինհոյզենը Süddeutsche Zeitung հանդեսում:

«Դեռեւս կես տարի առաջ ռուսաստանյան «Ռոստէկ» պաշտպանական ձեռնարկությունից հայտարարեցին, որ ЗРС С-400 տիպի համակարգեր են արտադրում Չինաստանի համար: Ռուսաստանը եւ Չինաստանը հաջողությամբ համագործակցում են ռազմա-քաղաքական բնագավառում: Վերջին մեկ ամսում հաջորդեցին եւս 2 պատվերներ, որոնք քաղաքական մեծ նշանակություն ունեն: Նախ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեցին ЗРС С-400 համակարգերի վաճառքի պայմանագրի ստորագրումը: Այնուհետ Պուտինը Մոսկվայում նման գործարք վավերացրեց Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ»:

«Made in Russia գրությամբ մեծ պահանջարկ վայելող ապրանք այնքան էլ հաճախ չի հանդիպում: Սակայն, ինչ վերաբերում է ռուսաստանյան նորագույն զենիթային համակարգերին, ապա, ինչպես կասեր ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Կոժինը, «պետություններն ուղղակի հերթ են կանգնած»: Խոսքը գնում է Հարավ-արեւելյան Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ այլ տարաշածրջանների երկրների մասին: Նախորդ տարի ЗРС С-400 տիպի համակարգեր էր պատվիրել նաեւ Հնդկաստանը»,- հիշեցնում է Նինհոյզենը:

1051640405

«Իսկ ինչո՞վ է այն գրավում, ի՞նչ առավելություններ ունի: Կատարելագործված С-400 համակարգն իրենից ներկայացնում է  կրակային կայանների մի ամբողջ խումբ, համարվում է  արդյունավետ զինատեսակ, քանի որ այն միաժամանակ նշանառության տակ է վերցնում ամենատարբեր օդային թիրախներ՝ ռազմական ինքնաթիռներ, հետախույզ-օդանավեր, բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ, անօդաչու սարքեր, անգամ անտեսանելի ռմբակոծիչներ, եւ կարող է ավտոմատ կերպով խոցել դրանք: С-400 համակարգը 400 կմ շառավիղով, 27 կմ բարձրության վրա կարող է միաժամանակ խոցել մինչեւ 36 թիրախ: Գնելով այդ զինատեսակը, Սաուդյան թագավորությունն իրեն ապահովագրում է հզոր մրցակցի՝ Իրանի հնարավոր ոտնձգություններից»: 

«Փորձագետ Վոլֆգանգ Ռիխտերի գնահատմամբ, С-400-ը գերազանցում է ամերիկյան Patriot համակարգերին, որոնցով զինված է Գերմանիան: Բացի այդ, ռուսաստանյան համակարգերն էժան են՝ շուրջ 2 մլրդ դոլար»:

«Ռուսաստանի համար վերջին խոշոր պատվերները շատ կարեւոր են, քանի որ  ամրապնդում են սպառազինության արտահանման ծավալներով 2-րդը համարվող տերության հեղինակությունը: Ռազմական արդյունաբերությունը հանդիսանում է Ռուսաստանի տնտեսության խոշորագույն ճյուղերից մեկը: Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը կբարձրացնի Ռուսաստանի քաղաքական կշիռը, քանի որ դա գործարք է ՆԱՏՕ-ի անդամ-պետություններից մեկի հետ: ԱՄՆ-ի կառավարությունը հիացմունքով չընդունեց այդ փաստը: Սակայն, կա նաեւ նախադեպ, երբ ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Հունաստանը Ռուսաստանից գնեց С-300 համակարգեր: Այնուամենայնիվ, դա առավել քիչ ուշադրության արժանացավ, քան Թուրքիայի հետ պատմությունը»,-կարծիք է հայտնում հոդվածագիրը:

  
Աղբյուր՝ Süddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝