Դոնալդ Թրամփը՝ Վրաստանի պաշտպան. Le Monde

235901589

«Ամերիկյան վարչակազմի պաշտոնական փաստաթուղթն ընդգծում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի «ռուսաստանյան օկուպացիայի» փաստը»,- Le Monde-ում գրում է լրագրող Բենուա Վիտկինը:

«Վաշինգտոնում բյուջեի ձեւավորումն ընթանում է լարված մթնոլորտում, եւ 700 էջից բաղկացած օրենսդրական փաստաթղթում հեռավոր Վրաստանի մասին զուսպ հիշատակումները գրեթե աննկատ են մնացել: Սակայն, Մոսկվայի տեսանկյունից, այդ ձեւակերպումը կարող է ընկալվել որպես Թրամփի աշխատակազմի նոր տհաճ արարք, ինչը կշարունակի հուսախաբ անել Կրեմլին»,- ասվում է հոդվածում:

«Եթե փաստաթղթում, որտեղ մանրամասն ներկայացված է ԱՄՆ-ի դաշնային գործակալությունների բյուջեն, հիշատակվել է «վրացական տարածքների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի օկուպացիան», ուրեմն օրենսդրորեն արգելվում է ցանկացած ծրագրի եւ ցանկացած երկրի ֆինանսավորումը, որն աջակցում է այդ «օկուպացիան» կամ «խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Արգելքը վերաբերում է այն երկրներին, որոնք ճանաչում են երկու անջատողական շրջանների անկախությունը կամ նրանց հետ պահպանում են դիվանագիտական հարաբերություններ, այսինքն՝ Ռուսաստանին, Վենեսուելային եւ եւս մի քանի պետությունների»,- հայտնում է լրագրողը:

«Փաստաթղթում հիշատակված է նաեւ «ռուսաստանյան ազդեցության եւ Եվրոպայում ու Եվրասիայում նրա ագրեսիայի» մասին եւ խոսվում է Եվրամիության ու տարածաշրջանի մի քանի պետությունների, այդ թվում Վրաստանի միջեւ կնքված ասոցացման համաձայնագրին աջակցելու անհրաժեշտության մասին»,- գրում է հեղինակը:

«Այդ բյուջեն, որը հաստատվել էր Կոնգրեսի եւ ներկայացուցիչների պալատի կողմից, ստորագրվել է Դոնալդ Թրամփի կողմից մայիսի 6-ին: Նախագահի համար, ով նախընտրական քարոզչության ընթացքում բազմիցս ցուցադրել է Կրեմլի հետ հաշտեցման նշաններ, նույնիսկ հիշատակելով Ղրիմի անեքսիայի հնարավոր ճանաչման մասին, դա ցուցադրական քայլ է»,- մեկնաբանում է Վիտկինը:

«Այդ օրենքի միջոցով ԱՄՆ-ն պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը եւ ամրապնդում իր քաղաքականությունն անջատողական տարածքների ճանաչման դեմ, հայտնել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ռուսաստանն առայժմ զերծ է մնում որեւէ մեկնաբանությունից»,- եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝