Պուտինը Հալեպի ճակատամարտի գլխավոր հաղթողն է. Le Monde

Syrian-Civil-War-Vladimir-Putin-Aleppo-Russia-Attack-Fleet-558774

«Սիրիական ռեժիմի կողմից երկրի նախկին տնտեսական մայրաքաղաքի նկատմամբ վերահսկողության վերականգնումն Արեւմուտքի պարտությունն է եւ շրջադարձային պահ է այդ հակամարտությունում»,- գրում է Le Monde հանդեսը:

«Բացի այդ, դա լուրջ հետեւանքներ կարող է ունենալ եվրոպացիների համար: Խոսքը վերաբերում է առաջիկա օրերին կանխատեսվող փախստականների նոր հոսքին եւ զինված ջոկատների շրջանում առավել ծայրահեղական տրամադրությունների ուժգնացմանը: Սառը պատերազմի ավարտից հետո ամերիկացիները եւ եվրոպացիները դեռ երբեք այդպես բացեիբաց չէին «ստորագրել» Մոսկվայի հանդեպ սեփական անզորության փաստի ներքո»:

«Վլադիմիր Պուտինը գերազանց հասկանում էր, որ Վաշինգտոնը որոշել է հեռու քաշվել, իսկ եվրոպացիները բավարար կամք չունեն: Բարակ Օբաման իր հերթին քաջ գիտակցում է, որ ձախողվել է, եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր վերջին ելույթի ժամանակ սիրիական ողբերգությանն ընդամենը մի քանի բառ հատկացրեց:  Ամերիկացի առաջնորդը երբեք իրականում չի վստահել չափավոր ընդդիմության մարտիկներին, եւ ընդդիմությանը զինելու Արեւմուտքի դժկամությունը հանգեցրեց իսլամիստական եւ ջիհադիստական խմբավորումների դիրքերի ամրապնդմանը»,-նշվում է հոդվածում:

«Վաշինգտոնը, Փարիզը եւ Լոնդոնը դաժան դաս ստացան: Ռուսաստանը վերջին մեկ տարում ռեժիմի փրկության համար լուրջ ջանքեր գործադրեց, ինչը չարվեց Արեւմուտքի կողմից ընդդիմության համար»,-նշել է Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Քամյի Գրանը, ով նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ:  «Օդուժի եւ ժամանակակից С-300 ու С-400 հրթիռային համակարգերի տեղակայումից հետո Ռուսաստանն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցրեց սիրիական երկինքը:  Տեղի ունեցածը ֆիասկո է նաեւ ֆրանսիական դիվանագիտության համար: Վլադիմիր Պուտինը, անկասկած, դարձավ Հալեպի ճակատամարտի գլխավոր հաղթողը: Ռուսաստանյան բանակն ի ցույց դրեց իր բոլոր հնարավորությունները, ամրապնդեց ռեժիմի դիրքերը եւ վերահսկում է ամբողջ Սիրիան: Սիրիական ճգնաժամի միջոցով Ռուսաստանի նախագահին հաջողվեց իր երկիրը վերածել Վաշինգտոնի արտոնյալ, անգամ էքսկլյուզիվ զրուցակցի, ինչպես սառը պատերազմի ժամանակ»:
«Հալեպի նկատմամբ վերահսկողությունը դեռ չի նշանակում պատերազմի ավարտ, իսկ ռումբերի առկայությունը Սիրիայում իրավիճակի կայունացման երաշխիք չէ: Սակայն դա չի խանգարում Մոսկվային Ժնեւում բանակցությունների ժամանակ իր կամքն ու պայմանները թելադրել: Ժամանակն աշխատում է Պուտինի օգտին, իսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի թաքցնում նրա հետ հարաբերությունների բարելավման իր ձգտումը»,-եզրափակում է ֆրանսիական պարբերականը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝