Աֆղանցի թալիբները պատրաստ են ղեկավարել երկիրը. Le Monde

Pakistani-Taliban

«Թալիբան» շարժումը մեղմ քաղաքականություն է որդեգրել միջազգային հանրության նկատմամբ, գրում է Քաբուլում Le Monde-ի հատուկ թղթակից Ժակ Ֆոլորուն:

«Հունիսի կեսերին աֆղանական բանակը Թորա-Բորա քարանձավներն ազատագրե՞ց «Իսլամական պետության» զինյալներից: Աֆղանական կառավարությունը հերքել է այդ տեղեկությունը, սակայն այն դեռ շարունակում է քննարկման թեմա լինել արեւմուտքի երկրների պետական գրասենյակներում: Եվ աֆղանական, եւ միջազգային ոչ պետական կազմակերպությունները, որոնք ներկայացված են տարածաշրջանում, պնդում են դա գաղտնիության նախապայմանով: ԻՊ-ի տեղակայման գոտիներում կան ռազմավարական դաշինքներ, օրինակ, հյուսիս-արեւելյան շրջանում, որտեղ կառավարական ուժերը թալիբներին նույնիսկ ռազմամթերք են տրամադրել ընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար»,- բացատրում է փորձագետ Ահմեդ Ռաշիդը:

«Աֆղանական կառավարության եւ թալիբների միջեւ դաշինքը կարող է հակասական թվալ: Աֆղանական գլխավոր զինված շարժումը, ամենայն հավանականությամբ, բոլորին հայտնի ռազմական գործողությունների քողի տակ մեկ այլ պայքար է մղում, որն ավելի հավակնոտ է, այն բանի համար, որ համարվի վստահելի եւ պատասխանատու կողմ, որը կկարողանա կրկին իշխել երկրում»,- կարծում է լրագրողը:

«ՄԱԿ-ի տվյալներով թալիբները վերահսկում են տարածքի 40 տոկոսը, նրանց ազդեցության ներքո է գտնվում բնակչության 35 տոկոսը, եւ նրանց փաստացի տիրապետությունն անընդհատ աճում է: Հիմա թալիբները ցանկանում են ցույց տալ, որ իրենք վերահսկում են տարածաշրջանի հսկայական շրջաններ»:

«Թալիբական նոր ռազմավարությունն արտահայտվում է նաեւ միջազգային հանրության նկատմամբ դրական վերաբերմունքով: Աֆղանստանի պաշտոնական ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում ասել է. «Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ հաստատել միջազգային հանրության հետ եւ չենք ուզում, որ Աֆղանստանը պատճառ լինի հարեւան երկրներում եւ ամբողջ աշխարհում խնդիրների առաջացման համար: Նման տեսակետ կա նաեւ Ռուսաստանի եւ Իրանի հրապարակայնորեն հնչեցրած կարծիքներում, որտեղ կարծում են, որ թալիբներին պետք է վերաբերվել որպես դաշնակիցների «Իսլամական պետության» դեմ պայքարում»,- հայտնում է Ֆոլորուն:

«Այսօր այդ երկրները երկակի խաղ են վարում: Իրանը թալիբների հետ խոսում է Շինդանդում, Ֆարահում, Հելմենդի արեւելյան շրջաններում, ռուսները խոսում են հյուսիսում, նաեւ փուշթուններին մատակարարում են զինտեխնիկա եւ ֆինանսավորում, գումար են տալիս Քաբուլի խորհրդարանականներին, որպեսզի նրանք թուլացնեն ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դիրքերը: Սակայն նրանք պետք է զգուշանան, դա վտանգավոր խաղ է»,-եզրափակում է պարբերականը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝